Ջուր չունեն, ճամփա պետք չէ. կրկին բողոքի ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավտոճանապարհները փակելու միջոցով խնդիրների բարձրաձայնումը շարունակում է մնալ կիրառելի պրակտիկա: Յուրաքանչյուր ոք, խումբ, կազմակերպություն կամ խտացված դժգոհություն ամփոփվում է մոտակա ավտոճանապարհը փակելու, այդկերպ իրենց խնդրին հնչեղություն տալու ավանդույթի շարունակությամբ: Ընդ որում, ճանապարհ փակելու աշխարհագրությունը շարունակաբար փոփոխության է ենթարկվում:

Հուլիսի 1-ին` առավոտյան ժամը 8․40-ից, ավելի քան մեկ ժամ Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչները գյուղի ներքեւում փակել էին միջպետական ավտոճանապարհը: Նրանք այդկերպ իրենց բողոքն էին արտահայտում գյուղում խմելու ջրի խնդրի կապակցությամբ: Մարդիկ 21-րդ դարում խմելու ջուր չունեն:
Տեղեկացնենք, որ Ստեփանավանի խմելու ջրագիծը ձգվում է Արճիսի ներքեւի հատվածով, սակայն Արճիսը չի օգտվում այդ ջրագծից: Արճիսի բնակիկչներն օգտվում են սարերի ջրահավաք ավազանների ջրից, որը ամռան տապի, տեղումների բացակայության պատճառով խիստ նվազել է:

Մարդիկ ստիպված են լինում ջուր գնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղում 2,5 տոննանոց ավտոցիստեռնի ջուրը վաճառվում է 7 հազար դրամով։ Համաձայնեք, ամռանը ջուր գնելը, այն էլ` սոցիալապես անապահով մարզում, լրջագույն խնդիր է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը երեկ եղել է ակցիայի իրականացման վայրում, զրուցել արճիսցիների հետ: Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ Արճիսը Ստեփանավանի ջրագծին միացնելու ծրագիրը հրատապ իրականացվելիք աշխատանքների ցանկում է, դրա համար հարկ կլինի գյուղի ներքեւում պոմպ տեղադրել, որը ջուրը 120 մետր կմղի վերեւ, Արճիսի օրվա կարգավորիչ ջրամբար, եւ մարդիկ ջուր կունենան։ Հարկ կլինի նաեւ գյուղի խմելու ջրի ներքին ցանցը վերակառուցել։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս