ՀՀ Քննչական կոմիտեի մինի-ֆուտբոլի թիմը Ռուսաստանի դաշնության Կազան քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների քննչական մարմինների մինի ֆուտբոլային միջազգային մրցույթին:
Եռօրյա մրցույթից հետո եզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների թիմերը: Եզրափակիչ խաղն ավարտվել է Հայաստանի Քննչական կոմիտեի թիմի հաղթանակով:
Հայաստան վերադարձից հետո ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպել է ՔԿ մինի-ֆուտբոլի թիմի անդամներին, շնորհակալություն հայտնել՝ Քննչական կոմիտեն և Հայաստանը պատվով ներկայացնելու համար:
«Մրցաշարի անցկացման նպատակը պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը և նրանց շրջանում մասսայական սպորտի ու առողջ ապրելակերպի արմատավորմանը նպաստելն է: Եվ այս համատեքստում ոչ պակաս կարևոր է հաղթանակներ գրանցելու հանգամանքը: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ Հայաստանը պատվով ներկայացնելու և հաղթանակ գրանցելու համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Կարևորելով առողջ ապրելակերպի զարգացումը՝ ՔԿ նախագահը նշեց, որ Կոմիտեի ծառայողները աշխատանքային պարտականություններին զուգահեռ պետք է հետևեն ֆիզիկական պատրաստվածությանը՝ նման մրցաշարերում պատվով ներկայանալու նպատակով:
Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ հաջորդ տարի ԱՊՀ մասնակից պետությունների ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա Հայաստանում, և թիմին հորդորեց շարունակել պարապմունքները՝ մշտապես հաղթանակներ գրանցելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում