ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուսավոր Հայաստան»ի աբառոտկա ֆռալը, «Իմ քայլ»-ի «հորքուրի գանձն» ու տապալված քվեարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության տապալումը: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցությունում ոչ ոք կամ քչերն են պատկերացրել, որ ձախողելու են ընտրությունը, քանի որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցրելէ, թե ամեն ինչ նորմալ է, քվորում ամեն դեպքում ապահովվելու են, համապատասխան թվով պատգամավորներ կան եւ կարող են «դուխով» ընտրությունն իրականացնել:

Բայց իրականում իմքայլականները կանգնել են փաստի առաջ, երբ պարզել է, որ իրենց չի հաջողվում պատգամավորներին «բերման ենթարկել» ԲԴԽ անդամի ընտրության: Մասնավոր զրույցներում իշխող խմբակցության անդամները ափսոսանք էին հայտնում, որ նման բան է տեղի ունեցել Աննա Մարգարյանի ընտրության ժամանակ, քանի որ Մարգարյանը բոլորի «սրտով» թեկնածու էր: Բայց տեսակետ կա նաեւ, որ իշխանական պատգամավորները չեն մասնակցել ընտրությանը հատուկ հրահանգով այն բանի համար, որ Ա. Մարգարյանն իր ելույթներից մեկում ասել էր, թե խնդրում է ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից:

Ինչո՞ւ իշխող խմբակցությանը չհաջողվեց ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանինընտրել ԲԴԽ անդամ: Չէ՞որ նա հենց խմբակցության թեկնածուն էր: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը պատասխանեց.

«Խմբակցությունում մեծ ցանկություն եղել է Աննա Մարգարյանին ԲԴԽ անդամ ընտրելու համար, տեխնիկական պատճառներով, ցավոք սրտի, դա անել չհաջողվեց, երեւի թե մեծ դերակատարում ունեցավ ընդդիմության հանկարծակի եւ չհիմնավորված դեմ քվեարկությունը: Խոսքս վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որը, կարծես թե, հայտարարվեց, որ մենք իրենց թեկնածուին մերժել ենք, ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք չէ՞, 90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում, ու շատ անլուրջ է իմ կարծիքով»: Առաքելյանը «Լուսավորի» գործընկերներին հիշեցրեց. «Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ո՛չ մեր կուսակիցն է, ո՛չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ո՛չ մեր«հորքուրի գանձն» է, այսպես ասենք, ընդամենը գնահատել ենք նրա գիտական ճանապարհը, նրա մասնագիտական որակները»:

Նկատենք, որ գործընկերներին անլուրջ գործելաոճի համար մեղադրող պատգամավորի բառապաշարում շարունակում են «անլուրջ ձեւակերպումներ» տեղ գտնել՝ «հորքուրի գանձ»-ի մակարդակի: Թե այս որակով ինչպես են գնահատել Մարգարյանի մասնագիտական որակները, դժվար է ասել: Բայց, ամեն դեպքում, լավ է, որ «աբառոտկա ֆռալու» լեզվամտածողության պայմաններում գոնե «Իմ քայլը» խմբակցությունում գիտակցել են «ներքին կազմակերպչական խնդիրները», եւ, ինչպես Էդգար Առաքելյանը հայտարարեց, հետեւություններ կարվեն անկազմակերպ քվեարկության գործընթացից:

Բայց ուշագրավն այն է, որ երբ հարցրեցինք՝ հնարավոր է կրկին առաջադրեք Աննա Մարգարյանի թեկնածությունը, պատասխանեց. «Անկեղծ ասած, օրենքի այդ հատվածը չեմ ուսումնասիրել, ծանոթ չեմ կարգավորումներին, խմբակցության նիստ կլինի, կքննարկենք ուկորոշենք: Դեռեւս այդ հարցը չենք քննարկել»: Հավելենք, որ Աննա Մարգարյանն արդեն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ եթե կրկին առաջարկեն, չի համաձայնելու:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս