Յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից օրվանից` հունվարի 14-ից մինչեւ հուլիսի 1-ը տեղի է ունեցել երկու նստաշրջան եւ, իհարկե, արտահերթ նիստեր: Երբ դեռ նոր էր ձեւավորվում խորհրդարանը, բոլորը հենց այն տեսակետն էին արտահայտում, որ այս խորհրդարանը տարբերվելու է նրանով, որ բոլոր պատգամավորներն ակտիվ գործունեություն են ծավալելու:
Ուսումնասիրելով ԱԺ 132 պատգամավորների գործունեությունը մինչ այժմ, տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ աչքի են ընկնում ակտիվ գործունեությամբ. ակտիվ են թե՛ հանձնաժողովի նիստերին, թե՛ լիագումար նիստերին, եւ հենց դա է պատճառը, որ, օրինակ, կառավարության հետ հարց ու պատասխանը եւս բավականին երկար է տեւում, եւ, օրինակ, 40-ից ավելի պատգամավոր են գրանցվում կառավարության անդամներին հարց տալու համար:
Սակայն, ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով նրանց գործունեությունը` պարզ է դառնում, որ հենց իշխող «Իմ քայլը» խմբակցությունում են ավելի շատ այնպիսի պատգամավորները, որոնք այնքան էլ ակտիվ չեն, ընդ որում` ոչ միայն ելույթների, հարցերի, այլ նաեւ լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու առումով: Եվ, թերեւս, դա էլ է օրինաչափ, քանի որ, ամեն դեպքում, «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր, եւ նրանց մեջքչերն են` մոտ մեկ տասնյակ պատգամավոր, որոնք այնքան էլ ակտիվ չեն եւ այս ընթացքում բավարարվել են, օրինակ,որեւէ զեկուցողի մեկ հարց տալով եւ ելույթ էլ չենունեցել, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնքո՛չ հարց են տվել, ո՛չ էլ ելույթունեցել:
Օրինակ` նրանցից են չորրորդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վարդան Աթաբեկյանը, թիվ 5 ընտրատարածքից Տաթեւիկ Գասպարյանը, նույն ընտրատարածքից Սեդրակ Թեւոնյանը, թիվ 6 ընտրատարածքից Արգիշտի Մեխակյանը, թիվ 1 ընտրատարածքից Երջանիկ Հակոբյանը, ինչպես նաեւ Վահե Հովհաննիսյանը, որը «Առաքելություն» կուսակցության հիմնադիր անդամ է. նրանք նաեւ ակտիվ չեն լրատվամիջոցների հետ շփման առումով եւ հարցազրույցներով գրեթե աչքի չեն ընկել: Իսկ, օրինակ, Արագածոտնի մարզից պատգամավոր ընտրված Մաթեւոս Ասատրյանը, Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Արտաշես Պետրոսյանը միայն հարցեր են ուղղել, իսկ ելույթներ` ոչ: Իսկ, օրինակ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն էլ իր առաջին ելույթը ունեցավ միայն վերջերս` հունիսի 26-ին: Այսպիսով, ընդհանուր առմամբ, պատգամավորներն ակտիվ են:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորներից պասիվ են 7-ը: Եվ ուշագրավ է, որ այս խորհրդարանում ելույթ ունեցավ անգամ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն կան պատգամավորներ, որոնք ակտիվ չեն: Նրանք են Արայիկ Աղաբաբյանը, Էդուարդ Բաբայանը, Քաջիկ Գեւորգյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Տիգրան Ստեփանյանը: Ընդ որում, այս պատգամավորներից 4-ը նախկին գումարման խորհրդարանում եւս եղել են եւ կրկին աչքի չեն ընկել ակտիվ գործունեությամբ:
Իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ամենաակտիվներն են, եւ դա էլ է օրինաչափ. ի վերջո այս խմբակցությունն ունի 18 պատգամավոր եւ ամենափոքրն է: Ընդհանուր առմամբ, խմբակցության բոլոր պատգամավորներն էլ հարցեր, ելույթներ, հարցազրույցներ ունեցել են, եւ համեմատաբար պասիվ են միայն Սարիկ Մինասյանը, Էդվարդ Անդրեասյանն ուՌուբիկ Ստեփանյանը:
Սակայն ինչպես նախորդ գումարումների խորհրդարանների դեպքում, այնպես էլ այս խորհրդարանում կան առանձնացված ակտիվ պատգամավորներ բոլոր խմբակցություններից էլ, որոնք բոլորից շատ են ելույթներունենում խորհրդարանում եւ հարցեր հնչեցնում: Նրանք նաեւ ակտիվ են լինում օրենսդրական առումով եւ նաեւ ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ: Այս խորհրդարանը նաեւ տարբերվում է նրանով, որ անընդհատ բացակայող պատգամավորները, հատկապես`իշխող խմբակցության կողմից,քիչ են: Իսկ բացակայությունների հիմնական պատճառն էլ լինում են գործուղումները:
Նաիրա Հովհաննիսյան