Կսահմանվի Սեւանա լճում սիգի, խեցգետնի որսի կարգը. ինչպիսի փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է կանոնակարգել Սեւանա լճում խեցգետնի եւ ձկան որսը: Այս մասին նախարարությունը նախագիծ է մշակել եւ շրջանառության է դրել: Ըստ նախագծի` Սեւանա լճում կկանոնակարգվի ձկան եւ խեցգետնի պաշարների ոչ միայն վերականգնումը, այլեւկսահամանվի դրանց որսի քանակների ձեւերն ու կազմակերպման կարգը:

Բանն այն է, որ ներկայումս գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման գործընթացները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շրջակա միջավայրի նախարարությունն առաջիկայում կարգելի ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ցանցերով:

Ի դեպ, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ արգելվելու է չինական ցանցերն օգտագործել ձկնորսության համար,քանի որ ԵԱՏՄ կարգավորումներ կան, ըստ որի` 50 միլիմետրից ավելի պակաս ցանցի ծավալով որսը չի թույլատրվելու: Նշենք, որ այս տեղեկությունը ՊԵԿ-ին է փոխանցել նախարարությունը, ՊԵԿ-ն էլ պետք է արգելի ներմուծումը ոչ միայն մաքսային կետով, այլեւ դրանց իրացումը Հայաստանում առկա վաճառքի կետերում: Բանն այն է, որ դրանք մի քանի անգամ որսունակություն են բարձրացնում եւ որսում են բոլոր չափի առանձնյակներին:

Ինչպես հայտնի է, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այս տարվա համար Սեւանա լճում որսի համար թույլատրելի չափը կսահմանի 150 տոննա: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սիգ ձկնատեսակի որսը կիրականացվի դնովի ցանցերով Մեծ Սեւանի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա: Բացի այս, կթույլատրվի իրականացնել սիգ ձկնատեսակի 500գ-ից ավելի առանձնյակների որս: Մյուս կողմից` նկատենք, որ խեցգետնի բազմացման ժամանակահատվածում Սեւանա լճում արգելվում է խեցգետնի որսը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ տարածքը տնօրինողի (ըստ ՇՄՆ-ի` հսկողության աշխատանքներն իրականացվում են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից) կողմից պետք է իրականացվի լողամիջոցների մուտքի եւ ելքի տեղամասերի ստեղծում եւ կարգավորում, կազմակերպում օրվա լուսային ժամերին: Նաեւ որսի ժամկետների եւ չափաքանակների նկատմամբ հսկողություն պետք է իրականացվի, որսի քանակական եւ որակական հատկանիշները պետք է գրանցվեն եւ հաշվառվեն:

Ավելին,տարածքը տնօրինողը պետք է խիստ հսկողություն սահմանի Սեւանի ավազանի սահմաններում աճեցվող ձկնատեսակների, ինվազիվ կենդանատեսակների նկատմամբ: Իսկ, ահա, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է իր պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրի տվյալ տարվա համար սահմանված արդյունագործական պաշարի սպառված չափաքանակների եւ կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկություն: Ի դեպ, նշենք, որ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները սահմանում է կառավարությունը:

Նշենք, որ Սեւանա լճում արդյունագործական նպատակներով ձկան եւ խեցգետնի որս իրականացնել ցանկացողները նախքան սահմանված կարգով լիազոր մարմին հայտ ներկայացնելը շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ են ներկայացնում դիմում, որի մեջ նշվում են`

1) օգտագործման ենթակա տարածքի վայրը,
2) տարածքի օգտագործման ժամանակահատվածը,
3) լողամիջոցի տեսակը եւ նկարագիրը,
4) լողամիջոցի սեփականության եւ սարքինության վիճակի մասին տեղեկանք,
5) որսագործիքների տեսակը եւ նկարագիրը,
6) տեղորոշման սարքի (GPS) տվյալները,
7) ձկնորսների քանակը եւ անձնագրային տվյալները,
8) որսի քանակը:

Ինչից հետո, եթե փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին, երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքը տնօրինողը հայտատուին տրամադրում է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի իրականացման վերաբերյալ գրավոր համաձայնություն, որի մեջ նշվում են օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, տարածքի օգտագործման ժամանակահատվածը, տեղորոշման սարքի տվյալները, լողամիջոցները, որսագործիքների տեսակը, նկարագիրը եւ քանակը, ձկնորսերի քանակը եւ անձնագրի տվյալները, որսի իրականացման ժամանակահատվածը եւ որսի քանակը:

Ըստ շրջակա միջավայրի նախարարության`պայմանագիրը կնքվում է 3 օրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ, իսկ մեկ օրինակը տարածքը տնօրինողին տրամադրում է օգտագործողը: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունն իրականացնում է տարածքը տնօրինողը, իսկ որսի վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը:

«Ժողովուրդ» օրաթերթը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանից հետաքրքրվեց`արդյոք ՊՈԱԿ-ն ունի նախատեսված աշխատանքային ռեսուրսը, որով կկարողանա վերահսկել սիգի արյունագործական որսը: Հարցին ի պատասխան` Գուլանյանն արձագանքեց. «Միանշանակ բավարար է: Բացի այն, որ աշխատանքային ռեսուրսը բավարար է, այստեղ նաեւ պատասխանատվության գործոն կա, որպեսզի որսը վերահսկելի դառնա: Պարկը ժամանակին որսահսկիչներ է ունեցել: Ինքը`վատ որսահսկիչը, բերելու է նրան, որ դա չվերահսկվի: Ազգային պարկն ունի 200 աշխատող, որից 140-ը զբաղված են պահպանության գործով»:

Այստեղ հարց է առաջանում. ո՞վ է վերահսկելու տեսուչներին: Չէ՞ որ հնարավոր է, որ որսահսկիչը ձկնորսի հետ հանցավոր համաձայնության գա եւ թաքցնի որսի իրական չափն ու քանակը:

Մեզ մնում է հուսալ, որ խեցգետնի որսի թույլտվության ավելի շատ չափաքանակ չի լինի: Չէ՞ որ նախկին նախարարների «թեթեւ ձեռքով» է գերորս տեղի ունեցել, ինչի հետեւանքով Սեւանա լճում խեցգետնի պաշարները զգալի նվազել են, եւ տարիներ են պետք, որպեսզի դրանք վերականգնվեն: Ասել է թե`ունքը շինելու փոխարեն աչքն էլ չհանեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս