«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է: Նա անդրադարձել է վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ տված իր սանրվածքին, նշել է` երբեւէ պլաստիկ վիրահատության դիմել է, թե ոչ: Ելենան խոսել է իր ստեղծագործական, հայաստանյան ներքին քաղաքական կյանքի մասին:
-Ելենա՛, գլուխը թեկուզ մասնակիորեն սափրելը, պետք է նկատել, համարձակ քայլ էր: Արդյոք դա նաեւ հոգեբանակա՞ն պատճառներ ուներ: Ասում են` երբ կինը կտրուկ փոխում է սանրվածքը, նրա անձնականում եւս բեկումնային շրջան է:
-Տարիներ շարունակ ունեցել եմ երկար, գանգուր վարսեր, խոպոպներ: Մի տեսակ հրեշտակային կերպարի մեջ էի, բայց երբ տեսնում էի սափրած գլուխ, շատ էր ինձ դուր գալիս, գայթակղվում էի հատկապես Շինեյդ Օ`Քոննորի կերպարով, բայց քանի որ աշխատում էի թատրոնում, ունեի դերեր նաեւ ֆիլմերում, չէի կարող սափրել գլուխս: Նաեւ հոգեպես պատրաստ չէի այդ քայլին: Բայց չէի ասի, թե դա այսօր ինձ համար համարձակ քայլ էր: Համարձակ քայլ կլիներ, օրինակ, 20 տարի առաջ, բայց ոչ այսօր: Ես հասկանում եմ, թե որքան եմ ներքուստ փոխվել: Իհարկե, ամբողջությամբ չսափրեցի գլուխս, բայց ամեն ինչ դեռ առջեւում է (ծիծաղում է): Մի պատճառ էլ կա սանրվածքս փոխելու համար: Երբ փոքր էի, փողոցում հետեւի կողմից շատ գեղեցիկ վարսերով մեկին տեսա, վազեցի, որպեսզի տեսնեմ դեմքը, եւ ինչ…Տարեց կին էր, եւ ես մի տեսակ ցնցվեցի: Այնքան էլ հաճելի պատկեր չէր: Այդ օրվանից վճռեցի, որ երբ մեծանամ, անպայման կարճ սանրվածք եմ անելու:
-Մի ժամանակ լուրեր էին տարածվում, թե Դուք քթի պլաստիկ վիրահատություն եք արել: Դա ճի՞շտ է:
-Ոչ, միջնապատս եմ վիրահատել միայն:
-Մի փոքր ստեղծագործական կյանքի մասին զրուցենք: Ի՞նչ նոր նախագծերում եք ընդգրկված:
-Նկարահանվել եմ մի նախագծում, որը կոչվում է «Թղթե երազանք», որի շատ հերոսներ Գյումրիից են: 24 մասանոց ֆիլմի մասին է խոսքը: Ամեն տեսարանում թեկուզ չնչին մասնակցություն ունենալուց հետո երջանիկ գնացել եմ տուն, քանի որ ծառայել եմ մասնագիտությանս:
-Ելենա՛, գիտեմ, որ «Վերվարածներում«, «Անուղղելիներում» նկարահանվելուց հետո Ձեզ շատ են ասոցացրել Ձեր մարմնավորած կերպարի հետ: Կհիշե՞ք մի դրվագ, որ առանձնակի տպավորվել է:
-Երբ ես նոր էի հայտնվել «Վերվարածներում», փողոցում ինձ սկսել էին ճանաչել, մոտենալ, եւ ես չգիտեի, թե ինձ ինչպես պահեմ: Արթուր Հակոբյանը սովորեցրեց շնորհակալությամբ ընդունել ժողովրդի սերը, այնպես անել, որ աստղայինը չտանի: Հիշում եմ` մի անգամ փողոցում մոտեցավ մի աղջիկ, ասաց, որ ինձ պես գանգուր մազեր է պահում, որ նմանվի կերպարիս, ասաց, որ մանկատնից է, շատ է սիրում մեր սերիալը: Դա շատ ազդեցիկ էր: Երեւի այդ հանդիպումը բեկումնային եղավ ինձ համար, հասկացա, որ ամեն հեռուստադիտող մի անհատականություն է, եւ չի կարելի նրանից փախչել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան