Ով է այսօր սպանված «օրենքով գողը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանում սպանվել է «օրենքով գող» Մասիվցի Անդիկը՝ Անդրանիկ Հարությունյանը: Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկալի պատմություններում:  Վերջինս հայտնի օրենքով գող է, որը հեղափոխությունից հետո հայտնի օպերացիայի շրջանակներում ձերբակալվել էր թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:

2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «NEXIUM» գրառումով պլաստմասե տարրա, որի մեջ եղել է 9 հատ հաբ՝ դաջված «M» տառով, իսկ հյուրասենյակից՝ սպիտակ գույնի բյուրեղանման փոշիացված զանգված: Դատաքիմիական փորձաքննության թիվ 289 Ք-18 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փոշեբյուրեղանման զանգվածը հանդիսացել է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց՝ 0,24 գրամ քաշով, 9 հատ դեղահաբերում ևս հայտնաբերվել է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որում «Մեթադոնի» ընդհանուր քաշը կազմել է 0,09 գրամ: Իրավապահները Անդրանիկ Հարությունյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերել էին նաև զենք-զինամթերք: Ձերբակալությունից հետո Անդրանիկ Հարությունյանը ազատ էր արձակվել:

2009թ. նա ՌԴ–ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեկան օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը:

1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում:

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, ֆիքսվել է տեսանկարահանող սարքերի առկայությունը: Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվել է դիակի զննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է թվով 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ տեղակայված դեմքի ձախակողմյան ստորին այտոսկրի շրջանում, երկուսը՝ ձախ ձեռքի նախաբազկի վերին երրորդ հետին մակերեսին և ստորին երրորդ դրսային մակերեսին, իսկ մյուսը՝ միջթիակային հատվածում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

 




Լրահոս