ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10 -ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» -ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ-ի դիակը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1973 թվականին ծնված տղամարդը հրազենային վնասվածք է ստացել Նոր Նորքի 5 զանգվածի շենքերից մեկի բակում:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ:
Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, ֆիքսվել է տեսանկարահանող սարքերի առկայությունը: Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվել է դիակի զննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է թվով 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ տեղակայված դեմքի ձախակողմյան ստորին այտոսկրի շրջանում, երկուսը՝ ձախ ձեռքի նախաբազկի վերին երրորդ հետին մակերեսին և ստորին երրորդ դրսային մակերեսին, իսկ մյուսը՝ միջթիակային հատվածում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: