«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 271 մլն 971 հազար դրամ հարկ ու տուրք: Ընկերությունը զբաղեցրել է ցանկի 145-րդ տեղը:
Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերությունը պետական բյուջե վճարել է 182 մլն 877 հազար դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով 171-րդ տեղը: Այսինքն` 89 մլն 94 հազար դրամով ավելացրել է հարկերը: Ենթադրվում է, որ վարորդներից իրականացվող բռնագանձումներից «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա համեմատ, ավելացել են:
Սյունէ Համբարձումյան, Էդգար Բաղդասարյան