ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գրիգոր Գրիգորյանը` պահանջելով, որ դատարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հունիսի 20-ի որոշումը վերացնել: Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միավորման նախագահն է: Հավելենք նաեւ, որ տեւական ժամանակ է` Հայաստանի խուլերի միավորման գլխին սեւ ամպեր են կուտակվել: Խուլ ու համրերը պահանջում են միավորման նախագահի հրաժարականը, իսկ, ահա,Գրիգոր Գրիգորյանը հեռանալու հիմքեր չի տեսնում:
Ի դեպ, Հայաստանի խուլերի միավորման շուրջ ստեղծված խնդրի մասով էր, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, եւ նրա լիազորությունները դադարեցվեցին:
Հավելենք, որ հրապարակումից հետո նախարարությունից պարզաբանում ներկայացրին.
Մի շարք լրատվամիջոցներ այսօր, մամուլի տեսությունը ներկայացնելիս, նշել էին, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ: Այս առնչությամբ պարզաբանենք, որ դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ. խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը:
Նշենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավասու է վարչական ակտը բողոքարկել վարչական կամ դատական կարգով: Այս պարագայում, վարույթի մասնակիցը իրացրել է իր իրավունքը՝ դատական կարգով բողոքարկելով նախարարի կողմից կայացված վարչական ակտը: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, տեղեկացնենք, որ նախարարի կողմից քննարկվող վարչական ակտը կայացվել է բողոքի հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում: Գտնում ենք, որ այն հիմնավոր է: