Հունիս ամսվա ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ նիստ է գումարել: Հանձնաժողովն արդեն ԱԺ աշխատակազմ է ներկայացրել այդ նիստից բացակա պատգամավորների ցանկը: Ինչպես հայտնի է` հանձնաժողովներից եւ լիագումար նիստերից ոչ հարգելի բացակայությունների պատճառով պատգամավորների աշխատավարձից պահումներ են կատարվում եւ յուրաքանչյուր ամսվա սկզբում ներկայացվում է նախորդ ամսվա բացակաների ցանկը:
Այսպիսով, տեղեկացանք, որ հանձնաժողովի 13 անդամից այդ նիստին բացակա են եղել երեքը, որից միայն մեկի` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բացակայությունն է հարգելի եղել, քանի որ նա գործուղման է եղել: Մյուս բացակաները ԲՀԿ-ականներն են` ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:
Սա հանձնաժողովի թվով հինգերորդ նիստն էր: Օրինակ մայիս ամսվա ընթացքում եւս նիստ գումարել էր հանձնաժողովը, սակայն բացականեր չէր եղել: Ապրիլ, մարտ եւ փետրվար ամիսներին եւս հանձնաժողովների նիստերից բացակայություններ չեն եղել: Ստացվում է` միայն հունիս ամսվա հանձնաժողովի նիստից են պատգամավորներ բացակայել: