ՀՔԾ-ի վերացման գործընթացը մեկնարկեց. իսկ ինչո՞վ կզբաղվի Սասուն Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 19-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է, Սասուն Խաչատրյանն էլ հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Իրադարձությունները այդպես էլ զարգանում են: «Հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակով արդեն նշվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվում է։

Մասնավորապես, ծառայության Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները եւ գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկՀՔԾ-ի Խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության եւ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով եւ գործիքակազմով փոխանցվում է Քննչական կոմիտեին:

Ընդ որում, նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դժվարացել էր պատասխանել` շարունակելու է պաշտոնավարումը, թե ոչ: Ուսումնասիրելով նախագիծը` պարզեցինք, որ այլ գերատեսչություններից եւս կան գործառույթներ, որոնք փոխանցվելու են նորստեղծվելիք մարմնին:

Օրինակ` վերակազմակերպվելու է Քննչական կոմիտեի Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունը, ոստիկանությունից վերցվելու է օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները, նույնը նաեւ Պետական եկամուտների կոմիտեի դեպքում: Այն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է հունիսի 10-ին, եւ քննարկումները կշարունակվեն մինչեւ հուլիսի 20-ը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս