Սուրեն Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների առաջ խնդիր է դրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը, Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները և այլ անձինք։

Նախարար Պապիկյանը, խոսելով պետության համար ջրային ռեսուրսների կարևորության և դրանք արդյունավետ կառավարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ ընդգծել է, որ ջրային համակարգը երկրի տնտեսության զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում առանցքային նշանակություն ունի։ «Մենք պետք է հոգատարությամբ և սրտացավությամբ վերաբերվենք մեր ջրային պաշարներին։ Ջրային ռեսուրսների ճիշտ գնահատմամբ և արդյուանվետ տեղաբաշխմամբ է պայմանավորված տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումը»,- ասել է նախարարը։

Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները նախարարին են զեկուցել ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման ընթացքը, հավաքագրումների հունվար-հունիս ցուցանիշները, ներկայացրել ոլորտի առանձնահատկությունները։

Նախարար Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել բարձրացնել աշխատանքի կազմակերպման թափանցիկությունն ու ապահովել տվյալների հրապարակայնությունը։

Սուրեն Պապիկյանը հավաքագրումների ցուցանիշները գնահատել է ոչ բավարար և խստիվ հանձնարարել չբավարարվել գանձումների այժմյան մակարդակով և ձգտել ապահովել նոր նշաձող։




Լրահոս