Փոքրիկ զրույց ունեցել ենք. Նարեկ Մկրտչյանը` կարևոր նիստից բացակայելու և Արարատ Միրզոյանի հետ զրույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են եղել նաեւ մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, այդ թվում` պատվիրակություն Հայաստանից: Ընդ որում, Հայաստանն ավելի լայն մասնակցություն է ունեցել եւ, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի համար ամենակարեւոր քննարկումներից մեկի ժամանակ Ազգային ժողովի պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, անգամ խորհրդարանական ընդդիմադիրները, եւ, հետեւաբար, չեն արձագանքել ելույթներին: Մասնավորապես, խոսքն այն քննարկման մասին է, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը ՀՀ-ին եւ Արցախը թիրախավորած խիստ ելույթներ է ունեցել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ստիպված է եղել միայնակ պատասխանել արդբեջանական հարձակմանը:

Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԼՀԿ-ից էլ` Էդմոն Մարուքյանը:

Այս առնչությամբ զրուցեցինք ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հետ:

-Պարոն Մկրտչյան, ինչու այդ կարևոր նիստին դուք կամ պատգամավորներից ոչ ոք ներկա չէր:

-Համաժողովը բաղկացած էր 3 սեսսիաներից և 5 կլոր սեղաններից, որտեղ ելույթ ունենալու համար հերթագրումը ռուսական կողմը արել էր դեռ մի քանի շաբաթ առաջ: Ասեմ, որ ԱԺ պատգամավորներին հրավիրել էր ռուսական կողմը տարբեր պետական և մասնավոր կառույցների կողմից և միջնորդությամբ: Այն ժամանակ, երբ անվտանգության խորագրով սեսսիայում թիրախավորված ելույթ է եղել, մենք` այդ թվում նաև ընդդինության պատգամավորները, մյուս սեսսիաներում արդեն ելույթներ էինք ունենում կամ արդեն նախապես պայմանավորված հանդիպումների էինք այլ երկրների խորհրդարանակաների հետ, որի համար կային առանձնացված բանակցային-հանդիպման սենյակներ:

Օրինակ ես և Ալեքսեյ Սանդիկովը նախապես պլանավորված հանդիպում ենք ունեցել Եթովպիայի խորհրդարանի խոսնակի, Ռուանդային փոխխոսնակի և պատգամավորների, Բելիզի առաջին տիկնոջ հետ, իսկ առաջին օրը ես, Ալեքսեյ Սանդիկովը և Անուշ Բեղլոյանը հրավիրված ենք եղել ՌԴ պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու հետ առանձին հանդիպման:

Սակայն պետք է նշեմ որ մասնակիցների ելույթների նախապես մշակված ծրագիր չկար, իսկ եղածն էլ օրվա մեջ մի քանի անգամ փոփոխվում էր: Եթե Արցախի հարցով թիրախավորված ելույթ է եղել այդ 8 քննարկային սեսիաներց և կլոր սեղաններից մեկում, ապա մեր ԱԺ խոսնակ պրն. Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել և մեր տեսակետները հայտնել է պլենար նիստի ժամանակ, որին ներկա էին ՌԴ արրտաքին գործերի նախարար Ս. Լավրովը, ՌԴ պետդումայի նախագահ Վոլոդինը և 130 երկրների խորհրդարանների խոսնակներ և փոխխոսնակներ, որտեղ պարոն Միրզոյանի մասնակցությունը շատ ավելի կարևոր նշանակություն ուներ:

Այսօր (երեկ-խմբ) արդեն հրավիրված էինք մասնակցելու նաև ՌԴ-Աֆրիկա համաժողովին, որտեղ ելույթ ունեցավ նաև ՌԴ նախագահ պրն. Վ. Պուտինը:

Իսկ արդեն թիրախավորված ելույթի հաջորդ օրը ներկա ենք եղել, երբ կրկին արդեն նախապես գրանցված ելույթ էր ունենում Ա. Աշոտյանը ( ասեմ, որ տեղում գրանցվելու և ելույթ ունենալու հնարավորություն չենք ունեցել):

-Իսկ Արարատ Միրզոյանի հետ այս առնչությամբ զրույց ունեցել եք:

-Երբ միասին ենք եղել` զրուցել ենք, քննարկել ենք, իսկ այդ թեմայով, այո’ փոքրիկ զրույց ունեցել ենք:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս