«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի աղմկահարույց նախագիծն առաջիկայում դրվելու է հանրային քննարկումների: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցությունում որոշվել է տարբեր շրջանակների հետ օրինագծի նախագիծը քննարկել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան:
Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը առանց հանրային սեկտորի եւ առավել եւս իր խմբակցության հետ քննարկելու: Խմբակցության ղեկավարությունը, անակնկալի գալով իրավիճակից, պատգամավորին հորդորել էր շրջանառությունից հանել նախագիծը, քանի որ տարբեր «ուղղություններով» իշխանությանը սկսեցին քննադատել:
Նշենք, որ նախագծով առաջարկվում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ըստ առաջարկի` իրավական ապահովության երաշխիքներ պետք է սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այժմ պլանավորված է հանդիպումներին հրավիրել նաեւ Աժ տարբեր խմբակցությունների պատգամավորների, որպեսզի կարողանան վերջնական լուծում տալ հարցին: Բայց, ըստ շրջանառվող տեղեկությունների, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նպատակ ունի ամեն կերպ «անցկացնել» նախագիծը` պահպանելով նախագծի բոլոր կետերը, որն ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ: Պատգամավորն ասաց, որ առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի, իրենք կներկայացնեն մանրամասներ` նախագծի ու քննարկումների հետ կապված:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Գրիգորյան