«Ժողովուրդ» օրաթերթն իր հունիսի 19-ի համարում գրել էր, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե: Մասնավորապես, այդ կառույցի ստեղծումը նախատեսված է Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով: Եվ այդ նոր մարմինն ունենալու է մի շարք գործառույթներ, որոնք վերցվելու են այլ կառույցներից:
Օրինակ` Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Բացի այդ, այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն: Այսպիսով, հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է բավական լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին:
ՀՔԾ լուծարումը ենթադրում է նաեւ, որ ծառայության կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության հաստիքները եւ գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին` Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշտանգումների ու մարդու դեմ ուղղված եւ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչություններն էլ` Քննչական կոմիտեին:
Սակայն, բացի հանցագործությունները քննող մեկ միասնական մարմնից, լինելու է նաեւ կոռուպցիայի գործերով զբաղվող մասնագիտական դատարան: Եվ ամենաուշը մինչեւ օգոստոսի վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օրեր առաջ արդեն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Այն զբաղված է լինելու կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների եւ առաջարկվող լուծումների քննարկմամբ: Խորհրդի կազմում են լինելու վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ընդհանուր առմամբ իրենք կողմ են, որ կոռուպցիայի հետ կապված հարցերը պետք է քննի մեկ մարմին, սակայն նախագծի հետ կապված մեկ մտահոգիչ փաստ հայտնեց: Նախ` Սաքունցը ընդգծեց, թե նախագծի առաջին տարբերակի եւ երկրորդի միջեւ որեւէ նմանություն չկա, քանի որ նախորդը դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ էր մշակված եղել, իսկ այս մեկը լիովին տարբերվում է:
«Կարեւոր սկզբունք է, որ կոռուպցիոն հանցագործություններով պետք է զբաղվի մեկ մարմին, որպեսզի չլինի այն վիճակը, որը կա: Բայց ՀՔԾ-ի հետ կապված ունենք ոչ թե կոռուպցիայի թեմային առնչվող, այլ ՀՔԾ-ի կողմից խոշտանգումների փաստերով քննության գործառույթը առաջարկվում է ուղարկել Քննչական կոմիտեին, որի հետ կտրուկ համաձայն չենք», – նշեց նա:
Սաքունցը պարզաբանեց, որ Քննչական կոմիտեն քրեական գործերով օպերատիվ-հեռախուզական գործողությունների կատարումը հանձնարարում է ոստիկանությանը, եւ նման պայմաններում, եթե վարույթը տրամադրվի ՔԿ-ին, ապա այդ քրեական գործերում նորից հանձնարարություններ կլինեն ոստիկանությանը, որն անտրամաբանական է: «Այստեղ կարող են լինել գերատեսչական շահեր: Պետք է խոշտանգումների փաստերով քրեական գործերի քննությունը իրականացվի անկախ մարմնի կողմից եւ ինքը չունենա որեւէ առնչություն այլ իրավապահ մարմինների հետ, որոնց ներկայացուցիչների կողմից խոշտանգման փաստ է արձանագրվել»,- հավելեց Սաքունցը:
Սաքունցի խոսքով` պետք է դեռ ուսումնասիրվի նախագիծը, եւ հասկանան նոր ստեղծվելիք մարմնի գործառույթները: «Դրա մասին դեռեւս չեմ կարող ասել մանրամասն: Այո, կոռուպցիոն հանցագործություններով պետք է առանձին մարմին զբաղվի, բայց թե որքանով է այդ մարմնի անկախությունը երաշխավորված լինելու, դա այլ հարց է»,- եզրափակեց նա:
Նախագծի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ, որը եւս ճիշտ համարեց կոռուպցիոն հանցագործությունները մեկ միասնական մարմնում քննելը: «Մենք հիմա տարբեր իրավապահ մարմիններում ունենք հակակոռուպցիոն հարցերով զբաղվող ստորաբաժանումներ, ինչը նշանակում է, որ նրանց ուժերը մեկտեղված չեն: Ձեւավորվելու է մեկ գործառույթ, մեկ մարմին, որն արդարացի եմ համարում: Նախագծով արդեն նշված է, թե որ գործերն են այդ մարմինը քննելու: Բոլոր այն գործերը, որոնք առնչվում են պաշտոնյաների բարեվարքության, նրանց կողմից իրենց դիրքով պայմանավորված հանցագործությունների կատարման հետ, այդ ամենը քննելու է հենց հակակոռուպցիոն կոմիտեն: Մնացած հանցագործությունները, անգամ պաշտոնյաների, որոնք չունեն կոռուպցիոն բաղադրիչ, բոլորը քննվելու են համապատասխան մարմիններում», – նշեց նա:
Տիգրանյանը համաձայն չէ Սաքունցի այն տեսակետի հետ, թե նոր ստեղծվելիք մարմնի անկախության երաշխիքների հետ կապված կարող են խնդիրներ լինել: «Անկախության երաշխիքներից մեկն այն է, որ կոմիտեի ղեկավարի ընտրության կարգը բոլորովին այլ է իրավապահ մյուս մարմինների ընտրության կարգից: Մրցութային խորհուրդ է նախատեսվում ձեւավորել», – եզրափակեց նա:
Նաիրա Հովհաննիսյան