Հունիսի 14-ին Իջեւան քաղաքում որսորդական հրացանից կրակել են Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար, 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանի վրա: Երբ Գ. Սարհատյանը ավտոմեքենայից իջել է, հանցագործը կրակել է նրա ոտքին: Վերջինս ստացել է աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ եւ տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր ոտքը անդամահատել են:
Իջեւան քաղաքում, որպես այդ հանցագործության մոտիվ, նշում են ենթադրյալ հանցագործի եւ Գ. Սարհատյանի միջեւ հին հաշիվները, որոնք պարզելու համար նրանք գնացել են իրենց ընդհանուր ծանոթի տուն:
Նշենք, որ երեք երեխաների հայր Գրիգոր Սարհատյանը, ում խնամքին են նաեւ կինը, մայրը եւ տատը, Լուսահովիտ համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. դեկտեմբերի 3-ին:
Հանցագործության դեպքի արթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») հատկանիշներով:
Իրավապահներից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով հուլիսի 28-ին ձերբակալվել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Էդմոնդ Էդիլյանը: Նրա ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո նախաքննական մարմինը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որի դեմ առարկել է Է. Էդիլյանի փաստաբանը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մերժել է Է. Էդիլյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը, վերջինս ազատ է արձակվել: Առաջիկայում նախաքննական մարմինը հանդես կգա Է. Էդիլյանի` որպես քրեական գործով մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությամբ: Այդ միջնորդությունը կքննի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավոր:
Հավելենք, որ սույն քրեական գործով քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ