ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկայում նոր թանկացումներ կլինեն. ինչ է սպասվում մսամթերքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանում հունիս ամսվա ընթացքում արձանագրել է գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում մեկ տարվա գնաճը կազմել է 2.5, իսկ մայիսի նկատմամբ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Բայց, միեւնույնն է, գնանկումը քաղաքացու դրամապանակի վրա չի ազդում, քանի որ առաջին անհրաժեշտության սննդատեսակներն այդպես էլ չեն էժանանում:

Ըստ ՎԿ-ի` հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը 4.5 տոկոսով էժանացել է, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 28.2 տոկոս գնանկումը:

Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկայում այս հունիսին, անցած տարվա հունիսի համեմատ, արձանագրվել է 4.9 տոկոս գնաճ, բայց, մայիսի համեմատ, այդ ապրանքատեսակները 0.7 տոկոսով էժանացել են: Միայն ձուն հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 37.6 տոկոսով, իսկ մայիսի համեմատ` գրանցվել է 1.3-ով գնանկում: Միրգն է թանկացել: Մրգի շուկայում այս հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 8.6, իսկ մայիսի համեմատ` 3.8 գնաճ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարավազը եւս թանկացել է` 0.7 տոկոսով: Չի բացառվում, որ այն առաջիկայում կթանկանա, քանի որ, ինչպես հայտնի է, այս շրջանում տնային տնտեսուհիները ավելի շատ են շաքարավազ օգտագործում փակոցների համար: Իսկ տնտեսվարողներն էլ, առիթից օգտվելով, թանկացնում են:

Մսամթերքի շուկայում եւս թանկացումներ են արձանագրվել: Այս դեպքում գնաճը կազմել է 0.6 տոկոս: Բայց եթե համեմատենք նախորդ տարվա հունիսի հետ, ապա թանկացումը զգալի է` 3.1 տոկոս: Նշենք, որ տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 4590 դրամով, ոսկրոտ միսը` 2890 դրամով, իսկ, ահա, գառան մսի մեկ կիլոգրամը` 4000 դրամով: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրան, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Դրա հետեւանքով Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Եւ հենց այս պատճառով է, որ այսօր ոչխարի մսի գինը կազմում է 4000 դրամ, այն երբեմն անցնում է 4 հազար դրամը: Բացի այս, տեղեկացնենք, որ խոզի մսի մեկ կիլոգրամը 200 դրամով թանկացել է հունիսին` մայիսի համեմատ: Ըստ որոշ մասնագետների` այն դեռ կթանկանա, քանի որ այս շրջանում մարդիկ շատ են խոզի միս գնում քաղաքից դուրս տանելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հավի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 1450 դրամով, մինչդեռ նախորդ ամիսներին այն վաճառվում էր կիլոգրամը 1200-1300 դրամով:

Մասնագետների գերակշիռ մասը պնդում է, որ այս շրջանում ոչ միայն մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, այլեւ նրանց գնողունակությունն է զգալի ընկել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս