«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք` «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դուդուկահար Կամո Սեյրանյանն է:Նա հիշեց միաժամանակ սարսափելի ու զվարճալի մի դեպք, որը պատահել է Ֆրանսիայում.
«Հյուրախաղերով Փարիզում էի, նկարահանում էի Առնո Բաբաջանյանի «Սերենադ շեփորի համար» ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ: Որոշ կադրեր հասցրել էինք անել Երեւանում, Սիդնեյում, Դուբայում, մի քանի կադր էլ ուզեցինք անել Փարիզում: Էյֆելյան աշտարակից մի փոքր ներքեւ` Սենա գետի ձախ ափին, մի հին նավ էր կանգնած: Ես ափից մեծ լոք արեցի, թռա, կանգնեցի նավի վրա, նվագեցի ու սիրուն կադրեր ստացանք: Փետրվար ամիսն էր, բավական ցուրտ: Բայց այնպես էր պատահել, որ նկարահանումից հետո ալիքը նավը հեռացրել էր ափից, եւ երբ ես փորձեցի կրկին լոք անել ափ ցատկելու համար, ընկա գետը: Մեծ բախտավորություն էր, որ նավի ու հարակից կառույցի պատի արանքում մի պարան կար, դա ինձ պահեց, եւ ես ամբողջությամբ չսուզվեցի, մինչեւ գոտկատեղս թրջվեցի: Մինչեւ օպերատորը հասկացավ, թե ինչ է կատարվում, ես արդեն ջրի մեջ էի: Չեք պատկերացնի` ինչ ցուրտ էր, եւ եթե, Աստված չանի, պարանը չլիներ, մկաններս կբռնվեին, եւ ես պարզապես չէի կարող լողալ, Աստված գիտի` կփրկվեի, թե ոչ»,-պատմեց Կամոն:
Հետաքրքիր է, որ նույնիսկ այդ արտակարգ իրավիճակում Կամոն առաջնայինը մտածել է դուդուկի մասին: Նա ծիծաղելով հիշում է, որ ընկերներին հրահանգել է սկզբում դուդուկը փրկել, հետո` իրեն: Ցավոք, դուդուկը վնասվել է, սակայն վնասը մեծ չի եղել:
Մանրամասները` տեսանյութում
Աննա Բաբաջանյան