«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ինչպես հայտնի է,հուլիսի 5-ին նշում են ՀՀ Սահմանադրության օրը: Դուքինչպե՞ս եք նշելուայդ օրը:
-Պլանավորում եմ այդ օրն ավարտել մի մենագրություն, որն անվանել եմ «ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ»: Շուրջ 400 էջանոց աշխատանք է, որը, վստահ եմ, կհետաքրքրի ընթերցողների լայն շրջանակի:
-Որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ` կարո՞ղ եք հայտնել` այսօր Հայաստանում ՀՀ Սահմանադրությունը գործո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե չի գործում, ապա ի՞նչն է խանգարում կամ ո՞վ է խանգարում, որ այն գործի:
-Սահմանադրությունը գործել է, գործում է եւ կգործի: Ես գտնում եմ, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ առկա չէ, ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի: Իմ մասնագիտական արժանապատվությունը թույլ չի տալիս իջնել այդ հարթություն: Նախատեսում եմ սահմանադրականության առկա հիմնախնդիրներին անդրադառնալ հոկտեմբերի 18-19-ին «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի կողմից Երեւանում հրավիրվող միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Խորհրդաժողովը նվիրվելու է երկրի իրավական անվտանգության հիմնախնդիրներին:
-ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր (մյուս դատավորը այս օրերին բացակայում է), ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը: Ըստ Ձեզ` ինքն իրավունք ունե՞ր, հիմքեր ունե՞ր նման բան ասելու, հայտարարելու:
-Ես, որպես կանոն, որեւէ մեկի ասածը կամ արածը չեմ մեկնաբանում: Ինչ վերաբերում է երեւույթի տարակերպ ընկալումներին, ապա դրանք ոչ թե քաղաքական շահարկումների առարկա պետք է դառնան, այլ դրանց վերջակետ կարող է դրվել միջազգային փորձագիտական եզրակացության հիման վրա: Հայաստանը Եվրախորհրդի եւ «Սահմանադրական ու համարժեք դատարանների համաշխարհային խորհրդաժողով» միջազգային կազմակերպության անդամ է:
Ի դեպ, 2009-2017 թվականներին մեր երկիրը նաեւ եղել է 114 երկիր ներկայացնող այդ կազմակերպության բյուրոյի անդամ /բյուրոյի անդամ 12 երկրներից մեկը/: Ավելին, 2014-2015 թվականներին Հայաստանն է եղել այդ կազմակերպության բյուրոյի նախագահող երկիրը: Կարելի է դիմել կա՛մ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին, կա՛մ հիշյալ կազմակերպության բյուրոյին՝ հստակ ու վերջնական պարզաբանում ստանալու համար:
Ավելացնեմ միայն, որ պատահական չիընտրվել նշված կազմակերպության անվանումը՝ «Սահմանադրական ու համարժեք դատարանների համաշխարհային խորհրդաժողով»: Այն երկար քննարկումների արդյունքում է ծնվելեւ պայմանավորված է նրանով, որ տարբեր երկրներում սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինները տարբեր անվանում ունեն՝ դատարան, խորհուրդ, տրիբունալ եւ այլն: Գլխավորը ոչ թե անվանումը կամ կազմավորման առանձնահատկություններն են, այլ գործառույթի բնույթը: Սա է միջազգային մակարդակով ընդունված մոտեցումը:
-Ձեր հրաժարականը մի շարք հարցերի տեղիք տվեց. ինչո՞ւ մայիսի 20-ին` ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո, Դուք հրաժարական տվեցիք: Արդյոք նախկին քաղաքական կապե՞րն էին պատճառը, թե՞ վախեցաք վեթթինգ անցնելու գործընթացից:
-Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում: Ես Բարձրագույն դատական խորհրդում բացառապես իրացրել եմ իմ սահմանադրական ու օրենսդրական մասնագիտական պարտականությունները: Ես ընդ-հանրապես քաղաքական գործընթացների մասնակից չեմ եղել եւորեւէ կապի խնդիր չկա: Իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր: Իրավագիտությունը`որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները եւօրենքներնունի:
Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարաննրի շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսեւորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը եւ իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն: Իսկ դատական իշխանության համակարգային բարեփոխումների հայեցակարգային իմ մոտեցումները, որոնք, մասնավորապես, արտացոլվել են նաեւ ԲԴԽ 2018թ. տարեկան հաղորդման մեջ, վստահ եմ, իրենց կենսունակությունը դեռեւս կդրսեւորեն:
Զրուցեց Քնար Մանուկյանը