ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամնեզիայով տառապողները» ու Թորոսյանի՝ «պասլատ անելու» մասին հայտարարությունը. ինչու նախարարը չի շտապում ստորագրել աղմկահարույց նիստի արձանագրությունը.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային հարաբերությունները, տեւական ժամանակ է, շարունակում են լարված մնալ:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հունիսի 1-ին կայացած առողջապահական խորհրդի նիստին նախարար Արսեն Թորոսյանը բանավիճել է տեսչական մարմնի ղեկավար էդգար Խուրշուդյանի հետ:

Բանն այն է, որ Թորոսյանը վրդովվել է այն բանից, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին: Ըստ «Հրապարակ» օրաթերթի` երբ էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել, քանի որ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել էր` «պասլատ անեիր» այդ քաղաքացուն: Հիշեցնենք` Վահե Տեր-Մինասյանը գարդասիլի պատվաստանյութի գովազդ էր արել եթերում, ինչը անթուլատրելի է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը, տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը եւ այլոք: Նկատենք, որ նիստից բացակայել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

Այս նիստից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն դրա վերաբերյալ արձանագրությունը դեռեւս տեղադրված չէ տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Սովորաբար այն տեղադրվում է նիստից մի քանի օր անց, որտեղ մանրամասն գրված է լինում, թե նիստին մասնակից անդամներից ով ինչ է ասել, ում ինչ են արձագանքել եւ ինչ խնդիրներ են քննարկել կամ ինչ որոշում են կայացրել: Սակայն տեսչական մարմնի վերջին նիստի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա: Բոլորը լռում են:

Նկատենք, որ տեսչության պետ Խուրշուդյանի եւ նախարար Թորոսյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ տեսչական մարմինը դուրս եկավ նախարարության կազմից (Այս տարվա հունվարի 1-ից տեսչական մարմինը նախարարության կազմից դուրս է եկել): Ասել է թե` տեսչական մարմինը դարձավ ոչ թե նախարարությանը ենթակա, այլ վերահսկող: Այժմ տեսչական մարմինն անկախ է, մինչդեռ նախկինում, երբ տեսչական մարմինը ենթարկվում էր Առողջապահության նախարարությանը, նախարարը «դոստուպ» ուներ, կարողանում էր վերահսկել, հրահանգավորել յուրաքանչյուր քայլ:

Այսինքն՝ ինքն իր վերահսկողն էր: Հիմա պատկերն այլ է: Տեսչական անկախ մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը միայնակ «պայքարում է» նախարարի դեմ: Եւ պարզվում է` նախարարին դուր չի գալիս, երբ տեսչական մարմնի ղեկավարը ընթացք է տալիս նաեւ այն բողոքներին, որոնք դեմ են նախարարին, իր թիմին կամ իր վարած քաղաքականությանը:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի հետ և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի հետ:

Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ Առողջապահության նախարարությունը այս ընթացքում չի արձագանքել «քաղաքացուն պասլատ անելու» մասին լուրերին: Այդ պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց` արդյոք նախարարը նման արտահայտություն արել է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան` մամուլի խոսնակը չմեկնաբանեց` միաժամանակ առաջարկելով գրավոր հարցում անել: Իսկ նիստին մասնակից անդամները, պարզվում է, հիշողության կորուստ ունեն: Ովքեր էլ որ հիշում են, նախարարից վախենալով` գերադասում են հրապարակայնորեն լռել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս