«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Իրինա Դանիելյանն է: Նա անդրադարձել է երջանիկ լինելու իր բանաձեւին, նշել է, թե կյանքի այս փուլում իրեն է ինչ է պակասում: Դերասանուհին խոսել է վերջին երկու տարվա ընթացքում իր մարմնավորած լավագույն կերպարի, ամառային հանգիստն անցկացնելու նախընտրելի տարբերակի մասին: Նա պատմել է նաեւ իր բնավորության գծերի մասին՝ խոստովանելով, որ դժվարությամբ է մերժում մարդկանց, ինչի պատճառով հաճախ տուժում է: Ամեն դեպքում, դերասանուհին աշխատում է իր վրա, սովորում է ասել «ոչ»:
-Եթե հավատաք ռեինկարնացիային, ի՞նչ կամ ո՞վ կցանկանաք լինել հաջորդ կյանքում:
-Երեւի երեւակայություն չունեմ… Կցանկանայի` ես մնայի ես:
-Ձեզ Ձեր բնավորության ո՞ր գիծն է միշտ փրկել:
-Համբերատարությունը, ոչ բռնկուն լինելը, հանգստությունը:
-Մարդուն լավ ապրելու համար հարկավոր է...
-Առողջություն, լավ աշխատանք, որից մարդը հաճույք է ստանում, բնականաբար, գումար, կլիմայական հաճելի պայմաններ:
-Կոնֆլիկտի դեպքում սիրելիից հեռանալ տեսարաններ սարքելո՞վ, թե՞ լուռ:
-Միայն լուռ, միանշանակ լուռ:
-Ձեզ կարող է նեղացնել միայն նա…
-Ով մտերիմ է ինձ. միայն հարազատից կարող ես նեղվել:
-Ումի՞ց կամ ինչի՞ց կախվածություն ունեք:
-Կյանքից (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, երեւի ոչ մի բանից:
-Սովորություն, որից կցանկանայիք ձերբազատվել:
-Կուզեի չծխել, կարող եմ, եթե ուզեմ, բայց, միեւնույնն է, ծխում եմ:
-Ամառային հանգստի Ձեր նախընտրելի տարբերակը ո՞րն է:
-Եթե հանգիստ, ապա ծով, բայց նաեւ ճամփորդություն, նոր քաղաքներ, նոր տպավորություններ: Կուզեմ ինձ մտերիմ մարդկանց հետ ճամփորդել, թեպետ ոչ շատ մտերիմների հետ էլ եմ ճամփորդել, եւ էլի ընտիր է անցել: Ի դեպ, այս ամառվա սկզբին արդեն հանգստացել եմ. գնացել եմ Իտալիա, Իսպանիա, հիմա ամառանոցում եմ, ամառն այստեղ կանցկացնեմ, Միացյալ Նահանգներից հյուրեր կընդունեմ, իրենց հետ կանցկացնեմ հանգիստս:
-Ձեր ամենամեծ հաջողությունն ի՞նչն եք համարում:
-Իմ անհոգ կյանքը, որդիս:
-Շարունակե՛ք միտքը. «Ամբողջ կյանքն էլ չի բավականացնի…»
-Սովորելու, զարգանալու համար:
-Ֆիլմ, որը ոգեշնչել է Ձեզ:
-Չեմ ոգեշնչվում ֆիլմերից, թեպետ շատ եմ սիրում լավ ֆիլմեր դիտել:
-Ձեր ներաշխարհն ի՞նչ գույն ունի այս պահին:
-Ոչ շատ վառ, ինչ-որ սիրուն գույն, երեւի ծիրանագույն:
-Ո՞րն է աշխարհի ամենալավ տեղը:
-Հայաստանը:
-Իսկ գյուղում ապրելու ցանկություն ունե՞ք: Որքան մեծանում են մարդիկ, այնքան սրվում է այդ ձգտումը:
-Գյուղը սիրում եմ միայն ամռանը բնությունը վայելելու համար: Իսկ, առհասարակ, նախընտրում եմ քաղաքում ապրել:
-Կյանքի այս փուլում ամենաշատը ինչի՞ կարիք ունեք՝ հոգեւորի՞, թե՞ նյութականի:
-Երեւի ֆինանսի, ինչպես միշտ:
-Ապագայում պատկերացնո՞ւմ եք Ձեզ սկեսուրի, տատիկի կարգավիճակում (Իրինա Դանիելյանի որդին դեռ ամուսնացած չէ- հեղ.):
-Այո՛, շատ լավ պատկերացնում եմ, բայց, չգիտեմ, ինձ այդպիսին կընդունեն, թե ոչ:
-Ավարտե՛ք միտքը. «Մարդիկ լույս աշխարհ են գալիս, որպեսզի…»
-Հավանաբար, ամեն մեկն էլ իր առաքելությունն ունի, մեկը՝ ինչ-որ բան փրկելու, մյուսը՝ այս կյանքը վայելելու համար (ծիծաղում է):
-Ձեր բնավորության ո՞ր գծի համար եք ամենաշատը տուժում:
-Այն բանի, որ չեմ կարողանում ասել «ոչ», թեպետ կարող եմ երբեմն մերժել խնդրանքները: Արդեն փորձում եմ, բայց դժվար է տրվում… Աշխատում եմ ինձ վրա:
-Վերջին երկու տարվա ընթացքում Ձեր ամենահաջողված դերը ո՞րն եք համարում:
-«Մեա Կուլպա 2»-ում լրագրողի դերը:
-Եվ վերջում՝ ի՞նչն է Ձեզ դարձնում երջանիկ:
-Երբ վատ լուրեր չեմ լսում, արդեն երջանիկ եմ, երբ գիտեմ, որ հարազատներս, ընկերներս լավ են: Երբեմն նույնիսկ արհեստականորեն փախչում եմ առօրյայի վատ լուրերից:
Աննա Բաբաջանյան