ԱԱԾ-ն դատարան ուղարկեց քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մասով քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Մասնավորապես.
Արթուր Ասատրյանը, տեղեկություններ ստանալով, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում իրեն դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, և այդ կապակցությամբ վարձակալել են իր բնակության վայրի հարակից տարածքում գտնվող՝ Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում տեղակայված առանձնատունը, կազմակերպել և իր ղեկավարման ներքո գտնվող, նախնական համաձայնությամբ գործող քրեական գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց հանձնարարել է առևանգել Վազգեն Ղազախեցյանին, Արտակ Այվազյանին և Արկադի Քոչինյանին՝ վերջիններիս տեղափոխելով իր մոտ:

Ի կատարումն Արթուր Ասատրյանի հրահանգի՝ 2017թ. մասյիսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտակ Այվազյանի և Վազգեն Ղազախեցյանի կողմից ՙՙՎոլկսվագեն Գոլֆ՚ մակնիշի 35GU424 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վերոնշյալ վարձակալված հասցե վերադառնալու ժամանակ, նախնական համաձայնությամբ գործող հանցակիցները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բռնություն կիրառելով տվյալ անձանց նկատմամբ, վերջիններիս տեղափոխել են իրենց կողմից վարվող ավտոմեքենան ու, բացահայտ առևանգելով նրանց, Արթուր Ասատրյանի ցուցումով տեղափոխել են վերջինիս մոտ:

Նշված վայրում Արթուր Ասատրյանի ներկայությամբ, վերջինիս ղեկավարմամբ գործող անձինք շարունակել են բռնություն գործադրել առևանգող անձանց նկատմամբ, որից հետո, Արտակ Այվազյանը ժամը 21:21-ի սահմաններում Արթուր Ասատրյանի հրահանգով, կիրառված բռնությունների և սպառնալիքների ազդեցության տակ, զանգահարել է այդ ընթացքում իրենց կողմից վարձակալած բնակարանում գտնվող Արկադի Քոչինյանին և հյուրասիրության մասնակցելու պատրվակով, Արթուր Ասատրյանի հրահանգով մոլորեցրել է նրան, պայմանավորվածություն ձեռք բերելով իբրև իրենց մտերիմների միջոցով Արկադի Քոչինյանին մտացածին հյուրասիրության վայր տեղափոխելու վերաբերյալ:

Սպառնալիքների կիրառմամբ, Արտակ Այվազյանի միջոցով Արկադի Քոչինյանին մոլորեցնելու արդյունքում Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ գործող դեռևս չպարզված անձինք, խաբեությամբ, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում տեղակայված առանձնատնից, նույն օրը առևանգել են նաև Արկադի Քոչինյանին և կրկին տեղափոխել Արթուր Ասատրյանի մոտ:

Այսպիսով, 2017թ. մայիսի 20-ին, Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնության գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ Էջմիածին քաղաքից բացահայտ առևանգել են Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին և Վազգեն Ղազախեցյանին, որի ընթացքում շարունակելով նրանց նկատմամբ բռնության գործադրումը մինչև նույն ամսի 24-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել և ապօրինի պահել են 3 տարբեր հասցեներում՝ այդ թվում Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի 81-րդ տան պահակակետի նկուղային հարկում:

Այս գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում եւ այն երկուշաբթի պարզ կլինի , թե ով կքննի այս գործը:




Լրահոս