Թափոնների ոչնչացմամբ զբաղվող ՍՊԸ-ի տնօրեն հայտնվել է դատարանում: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Խաչատուր Մողրովյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Էկոլոգիա ՎԿՀ» ՍՊԸ-ի տնօրեն, 2016թ. Նոյեմբերի 30-ին նշված ընկերության և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված «Վտանգավոր բժշկական թափոնների ոչնչացման ծառայությունների մատուցման» պայմանագրով ստանձնել է բժշկական թափոնների ոչնչացման ծառայությունների մատուցման պարտականությունները
Սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ վերջինս խաբեության եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ինչպես նաև 2017թ. սեպտեմբերի 7 –ին նշված ՊՈԱԿ-ից թափոններ ընդունելու վերաբերյալ կազմված հանձման-ընդունման ակտում և 2017թ. Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անվամբ դուրս գրված հարկային հաշվում իր ստորագրությամբ և ընկերության կնիքով կեղծիք է կատարել:
Այն է նշված ՊՈԱԿ-ից իրականում ստացված 170 կգ թափոնների և դրանց ոչնչացման դիմաց վճարվելիք 85000 դրամի փոխարեն հաստատել է այդ փաստաթղթերում թափոնների քաշի վերաբերյալ նշված 280կգ և դրանց ոչնչացման արժեքի վերաբերյալ նշված` 140.000 դրամ տվյալները, որոնց հիման վրա ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ից հափշտակել է ավել փոխանցված 55 հազար դրամ գումար` ՊՈԱԿ-ի պատճառելով զգալի չափի համարվող նյութական վնաս:
Ք.Մ