ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել
Օրերս մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի (Ծովինար) և Վարդենիս (Կարճաղբյուր) համայնքների անասունները Սևանա լճի ջուրը խմելուց հետո իրենց սկսել են տարօրինակ պահել, ուռչել են ու սատկել։
Ահազանգի հետքերով եղա Գեղարքունիքի մարզում, հանդիպեցի Կարճաղբյուր համայնքի բնակիչների հետ, որոնց անասունները սատկել են և անասնաբույժ Սանասար Գասպարյանի հետ։ Վերջինիս խոսքով, նախնական վարկածով, կովերը առվույտ (յոնջա) տեսակի խոտ են կերել, որը անասունին մղում է շատ ջուր խմելու։ Քանի որ այդ պահին կովերը լճից ջուր խմելիս են եղել, մարդկանց թվացել է, որ ջրի պատճառով են սատկում։ Բայց ծարավի պահին ինչ ջուր էլ հանդիպեր, կովերը կխմեին, կուռչեին ու կտրաքեին նույն ախտանիշներով։ Այսինքն՝ Սևանա լճի ջուրը չէ կովերի մոտ խնդիր առաջացրել։
Համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանն էլ հավաստիացրեց, որ այս պահի դրությամբ այդ հատվածում արածող կովերից 6-ը սատկել են, 4-ը բուժվում են, բայց ծանր վիճակում, իսկ 25 կովերի փորերն էլ ծակել են, որ փքվածությունն իջնի։
Ամեն դեպքում, ՍԱՊԾ-ն փորձանմուշներ է վերցրել սատկած կովերից և լաբորատոր փորձաքննությունների արդյունքները պատրաստ կլինեն երեքշաբթի։ Հուսամ՝ լուրջ բարդություններ առաջ չեն գա։
Քիչ առաջ լուսանկարեցի բազմաթիվ կովերի, որոնք ողջ ու առողջ արածում էին Սևանա լճի ափին։