Հուլիսի 6-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ամբողջությամբ այրված «Գազելը» նորմալ վիճակում է եղել:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արարատի համայնքապետ Կարեն Ղազարյանը: Նշենք, որ «Գազելի» վարորդը նույն գյուղի բնակիչ, 1962 թվականին ծնված Վաչագան Ասլանյանն է եղել:
«Վաչագանը ընտանիքի միակ աշխատող ուժն էր: Ունի երկու երեխա՝ աղջիկ և տղա: Աղջիկը սովորում է Բժշկական քոլեջում, իսկ տղան՝ արհեստագործական քոլեջում: Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում»,- նշեց Արարատ համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա բախվել են «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են:
«Գազել»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Լիդա Եղիազարյան