Թբիլիսի հիվանդանոցներից մեկում գտնվող երկու ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ողբերգական ավտովթարից տուժած երկուսի վիճակը, ովքեր գտնվում են Թբիլիսի հիվանդանոցներից մեկում, ծայրահեղ ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 8-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում այս պահին գտնվում են Թբիլիսիում, որոնցից մեկի տեղափոխման հարցը ներկայումս քննարկվում է հայ և վրացի ռեանիմատոլոգների կողմից: Հնարավոր է, որ նրանցից մեկն արդեն այսօր տեղափոխվի, իսկ մյուսը՝ վաղը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում գտնվող 12-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է, ունի սալջարդեր և ցավեր մարմնի տարբեր հատվածներում, սակայն գիտակցությունը տեղն է: Նախարարը հուսով է, որ երեխան կապաքինվի:

«Չնայած, որ Վրաստանում երեխան հետազոտվել է, սակայն նորից համալիր հետազոտություն կանցկացվի, որպեսզի ունենանք ամբողջական տեղեկություն առողջական վիճակի մասին և հետագա բուժումը ճիշտ իրականացնենք»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ Երևան տեղափոխված քաղաքացիների ընդհանուր վիճակը միջին ծանրության է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 7-ին ժամը 08:10-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 06:00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն (31 տ.), Լ.Մ.-ն (15 տ.) և Մ.Մ.-ն (13 տ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:

Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:




Լրահոս