Սոնա Աղեկյանը՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի և ակցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի աղբահանությունից դժգոհ մի խումբ քաղաքացիներ աղբ էին բերել և նետել Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ։ Ակցիայի մասնակիցների թվում էր նաև Սոնա Աղեկյանը:

Վերջինիս պնդմամբ՝  ակցիայի նպատակն էր՝ քաղաքային իշխանությանը ցույց տալ, որ Երևանն աղբավայր չէ։

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից 8 անձի, այդ թվում նաև Սոնա Աղեկյանին ոստիկանները բերման են  ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

 ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է ակցիայի կազմակերպիչ, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի հետ:

«Խուլիգանություն կատարելու հոդվածով՝ իմ և 8 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ամեն օր, օրը՝  5 անգամ ահազանգում էինք աղբահանության համար, բնակիչներն էլ մեզ են ահազանգում,  իսկ այսօր 21-րդ օրն էր, որ աղբը  թաղամասից չեն տարել, այնտեղ արդեն նեխման պրոցես էր սկսվել, մենք էլ որոշեցինք աղբը տանել քաղաքապետարան,  միչև հասկանան, որ Երևանը պետք է մաքուր լինի: Երևանը մենակ կենտրոնը չէ»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ ակցիայի մասնակիցների նպատակը Երևանը էկոլոգիապես մաքուր պահելն է, որ նրանց  ծնողներն ու երեխաները չշնչենք աղտոտված, գազերով լցված օդ:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր  այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մայրաքաղաքի աղբահանությունից դժգոհ քաղաքացիների իրականացրած ակցիային.

«Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։ Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։

Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, եւ հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երեւան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթեւացնի աղբահանության հարցը։

Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, եւս 10-ի գնումը ընթացքի մեջ է։ Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում եւ պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, եւս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար եւ խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է»,- գրել է նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս