«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի ամիս է` մասնագետներն ահազանգում են` Սեւանա լիճը կանաչում է: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ֆիտոպլանկտոնի մասնագետ Լուսինե Համբարյանը երեկ փոխանցեց, որ ժամանակն է ջրի մանրակրկիտ մոլեկուլյար հետազոտություն իրականացնել եւ հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է, մանավանդ որ ձուկը եւ խեցգետինն օգտագործվում է սննդի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեց` ինչ են արել:
«Մենք սպասում ենք Առողջապահության նախարարությանը, քանի որ իրենց մասնագետները ջրի նմուշառում են վերցրել. երբ իրենց մոտ կլինեն տվյալներ դրա մասին, մենք արդեն լճում առկա կենդանիներից նմուշառում կանենք»,- արդարացավ տեսչական մարմնի ղեկավարը:
Մինչ Գեորգի Ավետիսյանը սպասում է, այս ընթացքում Երեւանում եւ ոչ միայն ազատորեն վաճառվում է ծաղկած Սեւանա լճից որսված սիգ ձկնատեսակը, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ ոչինչ չի խոսում կանաչած Սեւանի վտանգավորության կամ անվտանգ լինելու մասին: Այս ընթացքում, սակայն, մեր բազում հայրենակիցներ լողում կամ գոնե ոտքերն են թրջում Սեւանա լճում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում