Արցախում լարվածությունը հասնում է գագաթնակետին. երբ խարխլվեց ներքին կայունությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից արված հայտարարարությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Մասնավորապես, նրանց կողմից տարածած հաղորդագրությունը կոչ էր՝ ուղղված 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին եւ անհատներին:

Նկատենք, որ հետաքրքիր ձեւակերպումներ կային հաղորդագրության մեջ. «Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երեւույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջեւ ատելության, թշնամանքի եւ անհանդուրժողականության մթնոլորտ են ձեւավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը: Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի, եւ դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները», – ասված է նրանց կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Նկատենք, որ Արցախի ներքին կայունությունը խարխլվեց այն օրից, երբ Արցախի հերոս Սամվել Բաբայանը հայտ ներկայացրեց՝ մասնակցելու Արցախի նախագահի ընտրություններին ու հանդիպեց խոչընդոտների: Բաբայանի գոյությունն ու յուրաքանչյուր քայլ Արցախի իշխանությունների համար անասելի մտահոգիչ է: Եւ Արցախի ներսում ԱԱԾ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Բանն այն է, որ համապատասխան թվով ստորագրություններն արդեն առկա են, եւ նրա կողմնակիցները դիմելու են խորհրդարան՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Հիշեցնենք, որ հավաքվող ստորագրությունները միտված են քաղաքացիության նորմի փոփոխմանը. Արցախի սահմանադրությունն ամրագրում է` եթե անձը 10 տարի մշտապես չի բնակվել Արցախում, չի կարող դառնալ նախագահի թեկնածու: Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկել են` եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաեւ Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ:

Դե, իհարկե, առաջին հերթին այս նորմի փոփոխությունն արվում է հենց Սամվել Բաբայանի համար, որպեսզի նա կարողանա առաջադրվել ընտրություններում, սակայն Արցախի ներսում նաեւ այն մտահոգությունն է առկա, որ այդ փոփոխությունից կարող են օգտվել նաեւ այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տարվա ցենզը: Եվ հենց դա է անհանգստացնում արցախցիներին, որ այդ փոփոխությունը դաշտ է բացում Հայաստանի նաեւ այլ քաղաքացիների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի խորհրդականներից շատերի հետ զրույցում պարզեց, որ Արցախի խորհրդարանը հավանություն չի տա նախագծին: Պատգամավորները հիմնականում բացասական են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, եւ հենց վերը նշված պատճառներից ելնելով` մեծամասնությունն այն տեսակետն է հայտնում, թե խորհրդարանը պետք է մերժի ստորագահավաքի նախաձեռնությունը: Եվ Սամվել Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում եւ հատկապես այն դեպքում, եթե ստորագրահավաքը մերժվի, որին կհետեւեն շրջափակումներ, զանգվածային ակցիաներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում այն մտավախությունն է, որ այդ դեպքում հանրահավաքները կարող են աստիճանաբար վերածվել զանգվածային անկարգությունների, եւ հենց դրա հետ են կապում թե՛ Արցախի ԱԱԾ-ի կողմից արված հայտարարությունը, թե՛ վերջին շրջանում կադրային վերադասավորումները: Եվ պատահական չէ, որ փոփոխությունները եղել են հենց ուժային համակարգում. Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ, Արշավիր Ղարամյանը` Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից, որը եւս ծրագրում է մասնակցել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Վերջինս ԱԱԾ-ի կողմից տարածած հաղորդագրությունը վերագրեց ոչ թե կոնկրետ անհատներին ուղղված, այլ ընդհանուր` զգաստացնելու նպատակ հետապնդող:

«Սա պարզապես կոչ է բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ մարդկանց, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, եւ ինչ-որ այլ բաների փորձեր չլինեն: Սա չի նշանակում, թե ինչ-որ մեկն արդեն մեղադրվում է»,- մեկնաբանեց Բաբայանը:

Մեր այն դիտարկմանը, թե ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրությունը շատերը մեկնաբանում էին որպես կոչ` ուղղված Արցախի հերոս Սամվել Բաբայանին` հաշվի առմելով նրա հայտարարությունները եւ աջակիցների սկսած ստորագրահավաքը, Դավիթ Բաբայանը նշեց, թե ԱԱԾ-ի կողմից նման հայտարարությունները չպետք է տարօրինակ համարել, եւ դա կոչ է բոլորին, եւ պետք չէ ինչ-որ անհատավորված մարդկանց գտնել եւ շահարկումներ անել:

Ամեն դեպքում, առաջիկայում Արցախում ընտրություններին ընդառաջ լարվածության աճն անխուսափելի է, եւ դա են փաստում տեղի ունեցող իրադարձությունները:

Հ. Գ. Օրերս եթերում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Արայիկ Հարությունյանը չի կարող դառնալ Արցախի նախագահ. ինքը դա թույլ չի տա: Հիշեցնենք, որ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն է Արցախում, եւ Բաբայանի այս խոսքերը շատ հեռուն գնացող եզրահանգումների առիթ են դառնում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս