ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապուտակ Սևանը կանաչ գույն ստանալուց զատ տոքսիկ նյութեր է պարունակում. ի՞նչ վտանգներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է` մասնագետներն ահազանգում են` Սեւանա լիճը կանաչում է: Երեկ անգամ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը կոչ արեց շատ շտապ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` փորձագետների, ՀԿ-ների մասնակցությամբ:

Նմանատիպ հանձնաժողովը, մասնագետը հիշեց, որ գործել է 2008-ից մինչեւ 2012 թվականը, որն էլ բավականին օգուտ է տվել լճին: Բացի այս, մասնագետն առաջարկեց քննարկել եւ որոշել, թե ինչպես վարվել արդեն եղած ջրիմուռների հետ: «Պետք է ազգովի հասկանանք, որ լիճը օրհասական վիճակում է: Իսկ իմ խորին համոզմամբ` Աստված մի արասցե, եթե լճի փոխարեն մենք ճահիճ ունեցանք, իսկ դա ճահճացման դրսեւորում է, մենք ուղղակի Հայաստանն ենք կորցնում»,- ցավով նկատեց Կ. Դանիելյանը:

Իսկ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ պնդեց, որ լճի ծաղկումը պայմանավորված է 3 հիմնական գործոններով. առաջինը` կենսածին տարրերի առատությունն է, որ գետերի միջոցով ողջ քաղաքների կոյուղաջրերը հոսում են դեպի Սեւանա լիճ: «Երկրոդը` կլիմայական գործոնն է. ամբողջ աշխարհը խոսում է ջերմաստիճանի բարձրացման փաստի մասին, եւ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երբեք լճի ջրի ջերմաստիճանն այդքան բարձր չի եղել, որքան այս վերջին 2 տարիներին: Բնականաբար, այդ որոշիչ գործոնը դարձավ լճի ծաղկման պատճառ: Եւ, իհարկե, լճի մակարդակի տատանումները»,- ներկայացրեց Էվելինա Ղուկասյանը:

Իսկ, ահա, ԳԱԱ հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ֆիտոպլանկտոնի մասնագետ Լուսինե Համբարյանը փոխանցեց, որ իրենց կողմից վերցրած նմուշները տրվել են ջրի մանրակրկիտ մոլեկուլյար հետազոտման, եւ բացահայտվել է, որ նրանց մեջ կուտակված կան տոքսիններ կամ թունավոր նյութեր, որոնք, ըստ գրականության, համարվում են շատ կայուն միացություններ: «Այսինքն` բավականին երկարաժամկետ` ամբողջ ծաղկման ընթացքում, այդ ջրիմուռները քայքայվելով ջուրը վարակում են տոքսիններով: Այսօր մեծ խնդիր է հանդիսանում միկրոցիստինների կուտակումը սննդի տարբեր մթերքներում, այդ թվում` գյուղատնտեսական: Եւ հարց է առաջանում` ժամանակ առ ժամանակ, երբ ամառվա շրջանին դիմում են լրացուցիչ ջրառին եւ ուղարկում են այդ ջրերը ոռոգման նպատակով, որքանով մենք իրավունք ունենք օգտագործել այդ ջուրը տվյալ նպատակներով: Սա շատ վտանգավոր եւ լուրջ խնդիր է, որը պետք է պարտադիր հետազոտվի»,- անհանգստացած նշեց Լուսինե Համբարյանը:

Նրա խոսքով` կա այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է, օրինակ, Միջազգային առողջապահության համակարգը, որը գտնում է, որ եթե մեկ միլիգրամից ավելի լիտրում գտնում են միկրոցիստիններ, այդ ջուրը վտանգավոր է օգտագործման համար:

«Եւս էկոհամակարգային խնդիր, եթե մոտեցում ենք ցուցաբերում` ինչպես են միկրոցիստինները, այսինքն` որոնք որ արդեն բացահայտ հայտնաբերված են, ազդում սննդային շղթաների վրա, եւ ինչպես է էկոհամակարգում տեղի ունենում դրանց տեղափոխությունը: Մեզ մոտ նման հետազոտություն չի կատարվել, բայց մեր լիճը երկու տարի է ծաղկում: Ժամանակն է նման հետզոտություն իրականացնել` որքան է այն ազդում: Օրինակ` ձուկը օգտագործում են սննդի մեջ, խեցգետինը եւս: Սա էլ պետք է հետազոտվի եւ պարտադիր պարզվի»,- նկատեց մասնագետը:

«Ժողովուրդ» օրաթերթը մասնագետի բարձրացրած մտահոգությունները փոխանցեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին, որի պատասխանը խիստ զարմացրեց մեզ: «Դեռ չենք արել, այս պահին չենք պատրաստվում: Խեցգետնի առկայության մասին ինֆորմացիան սուղ է: Խեցգետնի պաշարները նվազել են: Սատկած ձկներ եւ խեցգետիններ եթե լինեին… մենք պետք է ունենայինք ջրի վրա լողացող սատկած ձկներ եւ խեցգետիններ, նման դեպքեր չեն արձանագրվել,- վստահ տոնով հայտարարեց Ավետիսյանը, ապա փոխանցեց.-Մենք սպասում ենք Առողջապահության նախարարությանը, քանի որ իրենց մասնագետները ջրի նմուշառում են վերցրել, երբ իրենց մոտ կլինեն տվյալներ դրա մասին, մենք արդեն լճում առկա կենդանիներից նմուշառում կանենք»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` երբ կստանա նախարարության պատասխանը, տեսչական մարմնի ղեկավարը դժվարացավ ժամկետ նշել. «Չեմ կարող ասել: Ես կապի մեջ եմ իրենց հետ, իրենք նմուշառում վերցրել են, եւ սպասում եմ իրենց տված պատասխանին, որ, ըստ դրա, մենք հասկանանք, թե ինչ ենք անում»:

Մինչ Գեորգի Ավետիսյանը առանց որեւէ բան ձեռնարկելու պարզապես սպասում է, այս ընթացքում Երեւանում եւ ոչ միայն ազատորեն վաճառվում է ծաղկած Սեւանա լճից որսված սիգ ձկնատեսակը: Եւ քաղաքացին չգիտի` այդ թունավոր նյութերով հագեցած ջրում ապրող սիգը ուտելուց հետո կթունավորվի, թե ոչ: Ոչինչ հայտնի չէ, մինչդեռ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, նույն քաղաքացիների անվտանգության մասին մտածելով, արդեն պետք է հետազոտած լիներ եւ պարզեր` լճի կենդանի ձկների ու խեցգետինների մեջ արդյոք այդ տոքսիկների առկայությունը կա, թե ոչ: Սա դեռ ամենը չէ:

Թեեւ դեռեւս հունիս ամսից մասնագետները ահազանգում են Սեւանա լճի կանաչելու մասին, բայց Առողջապահության նախարարությունը, պարզվում է, նոր է ջրի նմուշառում վերցրել ու հետազոտում: Այս պահին հայտնի չէ` վտանգավոր է արդյոք Սեւանա լճում լողալը, թե ոչ: Այս երկու կառույցներն էլ այդպես էլ մեզ թողնում են չիմացության մեջ, իսկ այդ ընթացքում բազմաթիվ մարդիկ, հատկապես` երեխաներ, լողում են Սեւանա լճում:

Նման դեպքերում, սակայն, առաջինը պետք է հենց այդ կառույցները արձագանքեին: Կհիշեք` նախորդ տարի առողջապահության նախարարը Սեւանի ափից կիսամերկ ուղիղ եթեր էր մտել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին, թե Սեւանում լողալը թունավոր չէ: Այս տարի, սակայն, Արսեն Թորոսյանը դեռ չի լողացել Սեւանա լճում: Երեւի ինքն էլ չի վստահում, բայց ազնիվ կլիներ իր ինֆորմացիայով կիսվեր ՀՀ քաղաքացիների հետ, որոնց առողջությամբ, գոնե հրապարակավ, այդքան մտահոգվում է:

Մանրամասները` տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս