Տեւական ժամանակ է, ինչ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում աշխատանքային լարված վիճակ է: Այս խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը առաջին անգամ չէ, որ անդրադառնում է: Մենք գրել էինք, որ Կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ԺՊ Տիգրան Վահրամյանը ԺՊ նշանակվելուց հետո իր անձնակազմին զգուշացրել էր, որ ցուցակ ունի իր ձեռքի տակ, թե որ աշխատողին պետք է ազատի աշխատանքից: Հիմա էլ Վահրամյանը սկսել է իրագործել ցուցակը: Նշենք, որ Տիգրան Վահրամյանին այս պաշտոնին նշանակել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 5 աշխատող, «զզված աշխատանքային մթնոլորտից», հնարավոր է ազատման դիմում գրեն: Ասում են. «Վահրամյանը լարվածություն է առաջացրել, մեկը մյուսի հետ թշնամացրել է»` միաժամանակ ընդգծելով, որ իրենք Վահրամյանին գրկաբաց են ընդունել, ուրախացել են, որ երիտասարդ ղեկավար են ունենալու,անգամ տնօրենի ԺՊ-ի պաշտոնավարման 100 օրն են նշել: Ահա թե ինչ պատասխան է տալիս աշխատողներին երիտասարդ Վահրամյանը: Աշխատողների պատմելով` Վահրամյանը մոտ 10 ամիս է` չի կարողանում հաշտվել հին կադրերի հետ. ով նախկին տնօրենի օրոք է աշխատել, պետք է փոխարինվի նորով: Վահրամյանն անգամ հասցրել է իր մտերիմ ինֆեկցիոնիստին աշխատանքի տեղավորել վերականգնողական կենտրոնում: Սա դեռ ամենը չէ. պարզվում է Վահրամյանի «բարեփոխումներից» մեկը նշանակվելուց հետո իր եւ իր հետ բերած կադրերի աշխատավարձերի բարձրացումն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաստիքացուցակով տնօրենի աշխատավարձը բարձրացել է ավելի քան երկու անգամ, գլխավոր բժշկինը` երեք անգամ, գլխավոր հաշվապահինը` ավելի քան երեք անգամ (սրանք այն հաստիքներն են, որոնցում նշանակվել են իր մտերիմները): Նախկին կադրերից ազատվելուց հետո Վահրամյանը մտադիր է լծվել մանկաբուժության բաժին բացելու գործին, որտեղ, հնարավոր է, աշխատի իր կինը, որը մանկաբույժ է: Ի դեպ, աշխատողների պատմելով, երեկոյան աշխատանքային ժամից հետո ինքն ու կինը շրջում են շենքի տարածքում, հավանաբար նախագծեր են գծում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վահրամյանն արդեն հուլիսի 15-ով ազատման հրաման է տվել Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հիդրո-կինեզոթերապիայի կենտրոնի ղեկավար Նունե Ակունցին: Ի դեպ, տեղեկացնենք, որ, ի պաշտպանություն Ակունցի, արդեն մի քանի օր է`էլեկտրոնային ստորագարահավաք է իրականացվում:
ArmLur.am-ի հարցին`արդյոք տեղյակ է, թե ինչ է կատարվում ինստիտուտի ներսում, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց. «Լավ ծանոթ եմ իրավիճակին եւ կարող եմ ասել, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Կոնկրետ անձի է վերաբերվում, ով ֆեսյբուքում նաեւ այդ մասին հրապարակել է, բայց ես պատճառներին տեղյակ եմ եւ կարող եմ ասել, որ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում»: Իսկ, ահա, ինքը`Տիգրան Վահրամյանը, չցանկացավ խոսել այդ մասին`հորդորելով գնալ իր մոտ:
Սյունէ Համբարձումյան