Նույնիսկ լուրեր էին տարածել, թե իբր ես նույնասեռական եմ. Սարգիս Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Սարգիս Գրիգորյանն է: Նա անդրադարձել է էկրանային ծրագրերին, մարդկային հարաբերություններին, իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներին: Սարգիսը խոստովանել է, որ կյանքն իրեն կոփել է եւ սովորեցրել մարդկանց սովորական վերաբերվել` սրտին մոտ թողնելով միայն ընտանիքի անդամներին: Դերասանը խոսել է կնոջ լավագույն հատկությունների` խելոք եւ կանացի լինելու մասին` հավելելով, որ տանել չի կարողանում բռի եւ անդաստիարակ կանանց: Սարգիսը նշել է, որ բոլոր ժամանակների իր լավագույն ընկերը կինն է` Մանոն:

– Սարգի՛ս, օրվա ո՞ր ժամին եք Ձեզ զգում, ինչպես ձուկը ջրում:

-Երբ արթնանում եմ, աչքերս բացում. ժամը կապ չունի:

-Երբ տրամադրություն չեք ունենում, ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ սփոփել:

-Շունս կարող է լավ տրամադրություն հաղորդել: Ես երեք շուն ունեմ, ի դեպ:

-Շատ հարազատ մարդիկ երբեւէ հիասթափեցրե՞լ են Ձեզ, թե՞ ամեն մեկին մոտ չեք թողնում:

-Ոչ, որովհետեւ ես կանխավ զգում եմ` ով կարող է ինձ հիասթափեցնել, եւ պատրաստ եմ դրան: Եվ հետո` շատ հարազատ մարդիկ շատ չունեմ…Կյանքը կոփել է, ամեն ինչի պատրաստ եմ:

-Կյանքի այս էտապում ինչի՞ց եք վախենում, ինչի՞ մասին եք սարսափով մտածում:

-Ոչ մի բանից: Միայն ուզում եմ, որ առողջ լինեմ: Հիվանդություններից եմ վախենում միայն:

-Վերջին երկու տարում Ձեր մարմնավորած լավագույն կերպարը ո՞րն եք համարում:

-«Ա.Կ.Ա.» ֆիլմում Կարենի կերպարը:

-Այս տարվա մեծագույն նպատակը` կապված էկրանի հետ:

-Ամենամեծ ծրագիրն այն է, որ կարողանամ «Ա.Կ.Ա.» ֆիլմը տանել Միացյալ Նահանգներ (ֆիլմի մտահղացումը նաեւ Սարգիս Գրիգորյանինն է-հեղ.):

-Ունե՞ք այնպիսի մի տաղանդ, որի մասին քչերը գիտեն:

-Չէի ասի: Ինչ ունեմ, դրա մասին գիտեն:

-Ձեզ միշտ հետաքրքրել են կանայք, որոնք…

-Խելոք են ու կանացի, ոչ թե բռի ու անդաստիարակ:

-Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ…»:

-Ուրեմն պատասխանատվության զգացում ունեցիր: Նա պետք է զգա քո ուժը եւ այն, թե ինչպես են մարդիկ հարգում քեզ:

-Ինքներդ Ձեր մասին ի՞նչ բամբասանք եք լսել, որը ծիծաղ է հարուցել, զվարճալի մի բան, որը չարժե նույնիսկ հերքել:

-Տարածել էին, թե, իբր, նույնասեռական եմ: Նույնիսկ այսպիսի բաներ են խոսում… Մարդկանց պարապությունը «հրաշքներ» է գործում:

-Ըստ Ձեզ` ո՞րն է Ձեր բնավորության ամենադրական գիծը:

-Պատասխանատվության զգացումով օժտված լինելը, խոսքիս տերը լինելը:

-Իսկ ո՞րն է Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:

-Նույնը: Երբ չափից դուրս պատասխանատու մարդ ես, այդ հանգամանքը երբեմն խանգարում է, քանի որ հայերը այդ գիծը մարդու մեջ չեն սիրում:

-Շարունակե՛ք միտքը. «Կյանքը ինձ սովորեցրել է…»

-Վերաբերվել մարդկանց սովորական եւ ոչ ոքի սրտիս մոտ չթողնել, բացի ընտանիքիս անդամներից:

-Ո՞րն է Ձեր սիրելի մուլտֆիլմը:

-«Առյուծ արքան»:

-Ինչպիսի՞ մարդիկ են Ձեզ վանում:

-«Օճառվողները»: Նրանց ես անվանում եմ կապիկներ:

-Ո՞վ է Ձեր անփոխարինելի ընկերը:

-Կինս` Մանոն:

-Ձեզ հավատացյալ մարդ համարո՞ւմ եք:

-Ինձ ավելի շատ համարում եմ աստվածավախ մարդ: Չեմ կարող ասել, թե հավատացյալ եմ, քանի որ, օրինակ, պատարագների չեմ մասնակցում, բայց շատ եմ ուզում կարգը պահել, լինել նաեւ հավատացյալ: Դրա համար, իհարկե, կամքի ուժ է պետք:

-Արդեն ասացիք, որ շներ եք պահում, էլ ի՞նչ կենդանի կպահեիք:

-Ուզում եմ ձի պահել:

-Նշեք մի երազանք, որն արդեն կատարվել է, եւ մի երազանք, որ դեռ չի կատարվել:

-Իմ բոլոր երազանքները կատարվում են, քանի որ դրանք, այսպես ասած, խելքին մոտ են: Ես այնպիսի երազանքներ չունեմ, որոնք գիտեմ` չեն կատարվելու:

Աննա Բաբաջանյան




Լրահոս