«ՀԱՄԱՃԱՐԱԿ»` ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը. այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը, կա՛մ ետ ուղարկի նախաքննության: Իսկ մինչ այդ առաջին ատյանի դատարանի քրեական գործեր քննող դատավորներից ոմանք «աղոթում» են, իսկ մի մասն էլ փախուստի է դիմում:

Ապրիլի 22-ին ՀՔԾ-ն գրել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը Արմեն Գեւորգյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը վերհսկող դատախազն արդեն քրեական գործը դատարան է ուղարկել, եւ այն դատարան կմտնի երկուշաբթի օրը:
Կա՛մ աղոթում են,
կա՛մ փախչում
Ու մինչ քրեական գործը դատարան կհասնի, դատական համակարգում անսովոր լռություն է: Բանն այն է, որ ապրիլի 24-ին գրել էինք, որ դատական համակարգում այս ընթացքում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե ինչ կլինի, երբ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի մասով գործը ուղարկվի դատարան: Չի բացառվում, որ այդ ընթացքում դատական համակարգում քաոս սկսվի, քանի որ շատ դատավորներ հրաժարվել են անգամ քննել նրանց խափանման միջոցի հարցը, ուր մնաց թե քննեն բուն քրեական գործը:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Մարտի 1-ի քրեական գործը չքննելու համար դատավորներից մեկի կողմից առաջին ազդակը տրված է: Մասնավորապես, օրերս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Դավիթ Գրիգորյանը բժշկական տեղեկանք է ներկայացրել, որ ինքը չի կարող ներկայանալ աշխատանքի, մինչեւ չառողջանա: Նկատենք, որ Դավիթ Գրիգորյանը առաջին անգամ չէ, որ հրաժարվում է Մարտի 1-ի գործով առանցքային դեպքերի գործը քննել:
Հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը 2019 թվականի հունվարի 11-ին մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել, նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է իրեն, պարտավոր է քննել: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: Եվ, ահա, այս ամենի համար բարձրացվել է Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ այն գտնվում է ԲԴԽ-ում, սակայն նրա մասով հարցը ապրիլի 25-ին չի քննարկվել, քանի որ դատավորը չի ներկայացել. վատառողջության պատճառով արձակուրդում է եղել:
Ի՞նչ կլինի մայիսի 8-ին
Ու մինչ առաջին ատյանի դատավորները սպասում են դատախազի կողմից մեղադրանքը հաստատելուն եւ քրեական գործը դատարան ուղարկելուն, ԲԴԽ-ն ապրիլի 25-ին քննել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, իսկ որոշումը կլինի մայիսի 8-ին: Ի դեպ, նշենք, որ Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը այն անձինք էին, որ հրաժարվեցին քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, եւ հիմա հայտնվել են նման իրավիճակում:

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին արդեն երեք անգամ հրավիրել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայանում նախաքննական մարմին:

2019 թվականի հունվարի 11-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում: Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասել էին նշված վայր, որտեղ նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին Mercedes-ին եւ Նարեկացի փողոցի թիվ 15 հասցեի մոտ մեկ այլ օպերատիվ խմբի հետ համագործակցելով` կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ նրանց բերման ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին:
Պարզվել էր, որ նրանք են Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Առաքելյանը, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ 28-ամյա Գեւորգ Մանուկյանը, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի բնակիչներ 26-ամյա Սամվել Հասանյանը եւ 27-ամյա Արմեն Հարությունյանը: Պարզվել էր, որ ժամը 19:50-ի սահմաններում 47-ամյա Վարուժան Սաքանյանին պատկանող Աղայան փողոցի 74/1 շենքի 13 բնակարանի դռան փականը վնասված էր:
Բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Աղմկահարույց այս գործից անցել է 3 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ` այս գործով նախաքննությունը ավարտվել է, թե ոչ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է:
Մեր այն հարցին, թե դատախազին հարցաքննել են արդյոք այս քրեական գործով, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ արդեն երեք անգամ է` դատախազ Արսեն Մարիտրոսյանին ծանուցում են ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չի ներկայացնում:
Ուշագրավ է, որ դատախազը, շատ լավ հասկանալով գործի նրբությունը, չի ներկայանում նախաքննական մարմին: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ գործով հարցաքննության են հրավիրել նաեւ նրա վարորդին, սակայն վերջինս եւս չի ներկայացել: Իսկ ինչո՞ւ են իրավապահները դատախազի վարորդին հրավիրել հարցաքննության, նա ի՞նչ կապ ունի այս պատմության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գողության մասին իրավապահներին հաղորդում է տվել անձամբ վարորդը, եւ դա է պատճառը, որ նրան եւս հրավիրել են հարցաքննության: Վարորդը, սակայն, չի ներկայացել նախաքննական մարմնին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց հետաքրքրվել, թե ինչու Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի ներկայանում հարցաքննության, արդեն նրան 3 անգամ ծանուցում են ուղարկել: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Քրեական գործով նախաքննություն է ընթանում, եւ դրա վերաբերյալ տեղեկատվություն չենք տրամադրում»:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով` ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք կարող են սպառնալ ՀՀ-ի ազգային անվտանգությանը: Այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին` արդյոք մտահոգիչ չէ, որ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն արտերկրում են: Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Արթուր Վանեցյանն ասել է. «Պաշտպանության նախկին նախարարի մասով, իհարկե, հնարավոր է` լինեն որոշակի խնդիրներ, բայց պարոն Հարությունյանը քանի տարի է արդեն` չի աշխատել որպես պաշտպանության նախարար: Ամեն դեպքում, ԶՈւ-ն անընդհատ փոխում է իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի: Իհարկե, որոշակի խնդիր տեսնում եմ»:

 

 

ՇԱՐՔ ԵՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
«Ամեն ինչն իր ժամանակն ունի, դա կատարվում է ժամանակով, կարիքներով պայմանավորված, խնդիր չեմ տեսնում, որեւէ մեկը հավերժ չէ»,- այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառելով Արցախի ՊԲ նախկին հրամանատար եւ հրամանատարի նախկին տեղակալ Լեւոն Մնացականյանի եւ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի)` բանակից հեռանալուն: Հարցին, թե մտահոգիչ չէ արդյոք այն, որ նման պրոֆեսիոնալ կադրեր են հեռանում, Տոնոյանն արձագանքել է, որ վերջիններս շարունակում են մնալ բանակի հետ. «Եթե անհրաժեշտություն լինի, բոլորը շարք են կանգնելու»:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից BMW եւ Kia Sorento մակնիշների ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ կրակոցներ են արձակվել: Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նշված ավտոմեքենաները` իրենց ուղեւորներով: Պարզվել է, որ Kia-ն վարել է Փարաքար գյուղի բնակիչ 23-ամյա Էդգար Օ.-ն, իսկ նրա ուղեւորներն են եղել 23-ամյա Ռուդիկ Հ.-ն եւ 23-ամյա Զոհրաբ Հ.-ն: Էդգար Օ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ` մոխրացված զանգվածով, եւ նրա անվամբ զենքի հաշվառման քարտ: Արդեն ոստիկանությունում նա հայտնել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, որով ինքն օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, զենքը եւս պատկանում է իրեն ու Kia-ի մեջ է: Երեւան-Էջմիածին ճանապարհին մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ: Նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ:




Լրահոս