Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի կառավարման ժամանակահատվածից միությունը ժառանգել է մոտ 31 միլիոն դրամի պետական պարտք, որից 13 միլիոնը գոյացել է գույքահարկը չվճարելու, իսկ մոտ 18 միլիոնը՝ 2015-2017թթ. գոյացած ԱԱՀ-ն չվճարելու պատճառով՝ ներառյալ տույժերը եւ տուգանքները: Այս ամենի հետեւանքով միության հաշիվները սառեցվել են, գտնվում են կալանքի տակ, իսկ հաշվին եղած ողջ գումարը առգրավվել է ԴԱՀԿ-ի կողմից: Միության գործունեությունը փաստացի կաթվածահար է եղել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է միության ներկայիս նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ:
-Պարո՛ն Սաֆարյան, նախ կցանկանայի հասկանալ՝ Ձեր նախորդի՝ միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի մասնակցությունը որն է եղել պարտքի գոյացման հարցում:
-Երբ 2015-2017 թթ. հասարակական կազմակերպությունները նույնպես հանդիսացան ԱԱՀ վճարող, միությունը սկսեց այս հարկերը կուտակել: Նախկին տնօրինությունը պնդում է, որ, օրինակ, ԱԱՀ-ի վերաբերյալ իրենց պարտավորությունների մասին չի ծանուցվել: Իրենց խոսքով՝ այդ է պատճառը, որ չեն վճարել: Բայց մենք բազմիցս ասել ենք, որ օրենքի չիմացությունը դեռ չի ազատում անձին պատասխանատվությունից: Ինչ վերաբերում է գույքահարկին, խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող մեր շենքի գույքի մասին է: Այդ հարկը մի քանի տարի շարունակ չի վճարվել: Պատճառաբանում են, թե ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը ներել է պարտքը, բայց մենք չենք հասկանում, թե միությունը վերջին տարիներին ինչու չի դիմել քաղաքապետարան: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Մոտ 5 միլիոնի գույքահարկ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող շենքն է կուտակել, մոտ 8 միլիոն դրամի էլ՝ մեզ պատկանող քանդակի կոմբինատի շենքը:
-Ըստ Ձեզ՝ սա ինչի՞ հետեւանք է, Ձեր որակումը ո՞րն է:
-Ես սա համարում եմ թերացում, շատ անփույթ աշխատելաոճ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում գործին:
-Մի բան, այնուամենայնիվ, անհասկանալի է, եթե նույնիսկ ընդունենք, որ միության ղեկավարությունը չի իմացել կուտակվող հարկերի մասին: Իսկ երբ արդեն իրազեկվել է, ինչու՞ քայլեր չի ձեռնարկել դրանք մարելու համար, ինչու՞ եք Դուք ժառանգել այդ հսկայական պարտքը:
-Ես եղել եմ միության վարչության անդամ եւ հիշում եմ, որ ղեկավարությունը մշտապես նշում էր, թե` այո՛, մենք ունենք պարտքեր, բայց դրանք չնչին են, կմուծվեն, որ միությունն իր գործունեության բնականոն ընթացքի մեջ է եւ այլն: Հիմա, երբ արդեն նախագահ եմ, հասկացել եմ, որ շատ խնդիրներ կան, որոնք լուծելու համար ժամանակ է պետք: Այն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել համագումարի ընթացքում, դեռ չենք կարող իրագործել, բայց ձեռքերս ծալած չեմ նստում: Կուտակված պարտքի թեմայով միության անունից դիմել եմ վարչապետին եւ քաղաքապետին: Գործն ընթացքի մեջ է:
-Նկարիչների միության շենքն այսօր զրկվել է տանիքից եւ նկուղից: Ըստ Կարեն Աղամյանի՝ շենքի ցուցասրահների հատվածը վերակառուցվել է վերնահարկը Էդուարդ Թախունցին վաճառելու կամ նվիրատվություն անելու արդյունքում: Վերջինս համաձայնել էր դրա դիմաց վերանորոգել ցուցասրահները։ Ստացվում է՝ տարածք վերանորոգելու համար տարածք եք կորցրել, աբսուրդ չէ՞:
-Ես կասեի՝ տվել ենք տանիքը, որպեսզի ունենանք վերանորոգված ցուցասրահներ: Բայց երբ մի բան զիջում ես, պետք է հասկանաս՝ դրա դիմաց ինչ ես ձեռք բերում: Միայն վերանորոգված ցուցասրահները մեզ համար քիչ են: Նույնն է իրավիճակը ջեռուցման մասով: Ցուցասրահներում ունենք ջեռուցման համակարգ, սակայն չունենք կաթսա: Շենքի վերնամասի սեփականատիրոջ կաթսան ենք օգտագործում: Նա կա՛մ զիջում է, կա՛մ մենք վճարում ենք: Բայց ինչո՞ւ, եթե կարող էինք մեր կաթսան ունենալ:
-Նկարիչների միությունը նախկինում ուներ կոմբինատներ, որոնք կորցրեց: Օրինակ՝ Կոմիտասի պողոտայում գտնվող ահռելի կոմբինատը, որքանով տեղյակ եմ, նախկին նախագահ Պողոս Հայթայանի օրոք միությունը պարտք է ունեցել եւ Կարեն Աղամյանի օրոք չվճարելով՝ կորցրել է կոմբինատը: Հիմա միությունը փաստացի քանի՞ կոմբինատ ունի: Եվ արդյոք Ձեր հեռահար պլանների մեջ մտնո՞ւմ է դրանց վերականգնումը, թեկուզ այլ վայրերում:
-Մենք ունենք քանդակի կոմբինատ Նոր Նորքում, որի հետ կապված մեծ ծրագրեր կան: Մտածում ենք նախագծեր, որոնցով կակտիվանա կոմբինատի կյանքը: Եվ մի կոմբինատ էլ ունենք Վարդաշենում, որը, սակայն, սեփականության վկայական չունի: Սա եւս նախորդ ղեկավարությունից ժառանգված խնդիր է:
-Միության անդամները տարբեր առիթներով դժգոհել են, որ Կարեն Աղամյանը ցուցադրություններին ներառում է յուրային նկարիչների եւ իր գործերը՝ ստվերելով մյուսների աշխատանքը: Հիմա լուսանցքից դուրս մնացած արվեստագետները հույս ունենա՞ն, որ իրենց համար նոր հնարավորություններ կստեղծվեն:
-Բոլոր պրոֆեսիոնալ արվեստագետների համար, որոնք կցանկանան մեզ մոտ ցուցադրվել, դռները բաց են: Մենք հիմա առողջ մտքի, գաղափարի կարիք շատ ունենք:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԾ ՏՈՆ Է ՍԿՍՎԵԼ
Հուլիսի 14-ից 27-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձեւավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ կիրականացնի իր ուղերթերը: Արդեն երեկ Երեւանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույցում մեկնարկեց ֆուտբոլային գնացքի աշխատանքը: Այս միջոցառմանը ներկա էին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզիչը եւ ֆուտբոլիստները, ինչպես նաեւ մի շարք պաշտոնյաներ, նախկին ֆուտբոլիստներ եւ մարզիկներ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ֆուտբոլիստների ու մարզիչների հետ:
ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյան
-Հայաստանի Մ-19 հավաքականը արդեն համալրվել է նոր ֆուտբոլիստներով, որոնք կարող են կարեւոր դեր խաղալ Եվրոպայի առաջնությունում: Հնարավոր է մինչեւ առաջնության մեկնարկը հավաքականին միանան նոր ֆուտբոլիստներ:
-Այդ գործընթացը սկսվել է դեռեւս 6 ամիս առաջ եւ մենք հիմա էլ գտնվում ենք դրա մեջ: «Արցախի» դեմ խաղում էլ կային նոր ֆուտբոլիստներ, եւ մենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում ենք:
-Ինչպիսի՞ն են սպասելիքները Հայաստանի հավաքականից:
-Այդ ամենի մասին ճիշտ կլինի խոսեմ, երբ հավաքականում ավարտվեն փորձարկումները, բայց հիմա կասեմ, որ առաջնությանը չենք մասնակցում ուղղակի մասնակցելու համար: Ունենք լավ շանսեր եւ ունենք նաեւ փորձ: 14 տարի առաջ մենք լավ խաղացինք Անգլիայի եւ Ֆրանսիայի հետ եւ հույս ունենք նաեւ, որ լավ արդյունքներ կգրանցենք նաեւ այս Եվրոպայի առաջնության ժամանակ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան
-Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքականի շանսերը Եվրոպայի առաջնությում:
-Շանսերը գնահատում եմ շատ լավ եւ սպասում եմ միայն ու միայն հաղթանակներ: Բայց այդ հաղթանակները եւ պարտութունները չպետք է շատ բան փոխեն, որովհետեւ մենք պետք է մեր հայացքը ուղղենք դեպի մեր երիտասարդները, որոնք մեր ապագա հաղթողներն են:
-Դուք հանդիպել եք Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ եւ քննարկել սպորտի զարգացմանը նպաստող ծրագրեր: Որ խնդրեմ, կմանրամասնե՞ք:
-Շատ բան չեմ կարող ասել. կցանկանամ, որ խոսի անձամբ Մովսիսյանը: Աշխատանքներ տարվում են, եւ ինչ-որ պլանավորվել է, հավանաբար կիրականանա: Շոշափելի արդյունքներ գրանցվելու դեպքում անպայման կհրապարակեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ, որոնք նշեցին, որ մեծ ոգեւորությամբ են սպասում առաջնության մեկնարկին, եւ ջանք չեն խնայի հայ երկրպագուների առջեւ պատվով հանդես գալու համար:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՄ
«Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է իր եւ թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հարաբերությունների մասին եւ նշել, որ ամեն բան կարգին է եւ իրենց միջեւ խնդիրներ չկան. «Ես վատ չեմ արտահայտվել Խաշմանյանի մասին. հիմա ամեն ինչ լավ է, եւ մեր հարաբերություններում խնդիրներ չկան»: Մանուչարյանը նաեւ խոսել է լեգիոնականների լիմիտի մասին եւ առանձնացրել, որ չկա այնպիսի լեգիոներ, որն ավելի լավն է, քան հայ ֆուտբոլիստները, եւ ճիշտը այն է, որ հայկական ֆուտբոլը զարգանա սեփական ռեսուրսների շնորհիվ, այսինքն` երիտասարդ ֆուտբոլիստների:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ
Լոնդոնի «Արսենալը» ՈւԵՖԱ-ի կողմից աջակցություն կստանա` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար Ադրբեջանի վիզա ստանալու հետ կապված, որը թույլ կտա նրան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին, եթե լոնդոնցիները կարողանան նվաճել այդ եզրափակչի ուղեգիրը: «Զինագործները» Մխիթարյանի հետ խորհրդակցելուց հոտո որոշեցին վիզայի հայտ չներկայացնել, երբ խմբային փուլում «Արսենալը» խաղում էր «Ղարաբաղի» հետ, քանի որ տեղական իշխանությունները հաղորդեցին, որ նույնիսկ եթե Մխիթարյանը փաստաթղթային խնդիր չունենա, նրան երկրում չեն ընդունի: ՈւԵՖԱ-ն կփորձի ամեն ինչ անել, որ առանց խնդրի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վիզա ստանա: Այս հարցում կարող է վռորոշ դեր խաղալ այն փաստը, որ Բաքվում են կայանալու «ԵՎՐՈ 2020»-ի 4 հանդիպումներ:
ՋԱԽՋԱԽԵՑ
Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական տուրը: «Արարատ-Արմենիան» «Արարատի» դեմ խաղում քարը քարի վրա չթողեց (6:2): Տանտերերից գոլերի հեղինակ դարձան Սիմոնյանը եւ Վուկոմանովիչը, իսկ հյուրերից իրենց անունները լուսատախտակին վառեցին Կոբյալկոն, Խոզինը, Մայիլսոնը, Դանիելյանը, 2 անգամ էլ` Ավետիսյանը: «Արարատ-Արմենիան» այս խաղից հետ միանձնյա գլխավորում է մցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 49 միավոր, իսկ «Արարատը» 15 միավորով վերջին հորիզոնականում է:
ՄԱՀԱՑԵԼ Է
Այսօր մահացել է «Նանտի» նախկին ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիո Սալան: Որդու մահվանից ընդամենը 3 ամիս անց սրտի կաթվածի պատճառով կյանքից հեռացավ 58 ամյա Օրասիո Սալան: «Օրասիոն այդպես էլ չկարողացավ հաղթահարել Էմիլիանոյի մահը, նա չհաշտվեց այդ մտքի հետ: Նա այդպես էլ չկարողացավ դիմադրել, իսկ «Քրդիֆն» ու «Նանտը» դեռ շարունակում են գումարի շուրջ պարզել իրենց հաշիվները: Սա շատ ցավալի է»,-ասել է այն ընկերության ղեկավարը, որտեղ աշխատում էր ֆուտբոլիստի հայրը: Հիշեցնենք, որ Սալան ավիավթարի զոհ էր դարձել:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ