Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Մինչ ՀՀ ոստիկանության աշխատակիցները «կանեփ-կակաչ» օպերացիա են իրականացնում, Հարկային կոմիտեի շենքի պատին կանեփի պատկեր է ի հայտ եկել, եւ հետաքրքիր է` քարոզչությունը հարկվում է արդյոք այդպես էլ չփոփոխվող Հարկային օրենսգրքով:
Հ.Գ. Իսկ ավելի լուրջ, ուշագրավ է, որ ոչ մի ՊԵԿ պաշտոնյա չի նկատել կամ չնկատելու է տվել պատի կանեփի նշանը: Արդյոք դա պետական պաշտոնյային հարիր պահվածք է: Գետնին նետված դրոշը չմարսած՝ նոր խնդիր է ծագել՝ ի տես բոլորի:
ՀԱՐՑ. Իմ տղան մանկուց ունի հաշմանդամության կարգ, երկու անչափահաս երեխաներ, որոնցից ավագը 2 տարի հաշմանդամության թոշակ էր ստանում, հետո դադարեցրին` պատճառաբանելով, որ արդեն լավ է եւ կարողանում է քայլել: Որդիս չի աշխատում, ստանում է միայն իր հաշմանդամության թոշակը, որը նույնիսկ չբարձրացավ: Ուզում եմ իմանալ, թե արդյոք նրա համար նախատեսված է որեւէ օգնություն կամ նպաստ պետության կողմից: Մեզ մոտ պատճառաբանում են, որ գրանցման հետ կապված խնդիրներ կան, եւ նպաստ չեն կարող տրամադրել: Որդիս գրանցված է իմ տան հասցեում, սակայն ապրում է առանձին այլ հասցեում: Սոցիալական բաժնից ասում են` որտեղ որ գրանցված է Ձեր որդին, այնտեղ էլ պետք է ապրի, որ նպաստ ստանա: Խնդրում եմ պարզաբանել` օրենքով սահմանված կարգով նա կարող է նպաստ ստանալ:
Աթանեսյան Էդգար (Սիսիան գյուղ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (սկզիբը` նախորդ համարում) Նպաստի կամ եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը որոշելու համար Է. Աթանեսյանի որդին բնակչության պետական ռեգիստրում պետք է հաշվառվի փաստացի բնակության վայրի հասցեով, գործակալություն ներկայացնի ընտանիքի տվյալների վերաբերյալ հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն, հաշվառվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որից հետո ձեւավորված անապահովության միավորին համապատասխան` կորոշվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն կամ այլ աջակցություն ստանալու իրավունքը: Է. Աթանեսյանն իր որդուն հաշմանդամ ճանաչելու նպատակով կարող է կրկին դիմել բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով առողջական վիճակի վատթարացման դեպքում այն հավաստող նոր բժշկական փաստաթղթերով: Վերափորձաքննության արդյունքում կկայացվի որոշում` հաշմանդամության սահմանման գործող չափանիշներին համապատասխան:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1527-Ն որոշման համաձայն` իրականացվելիք փորձաքննությանը քաղաքացին կարող է մասնակից դարձնել նաեւ իր կողմից ընտրած բուժող բժշկին կամ այլ բժիշկ մասնագետի` որպես ներկայացուցիչ:
ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացին Վրաստանում գրանցված ավտոմեքենան ի՞նչ ժամկետով եւ պայմաններով կարող է ներմուծել Հայաստան:
Սերոբ Մխիթարյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետի համաձայն` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով վեց ամիսը չգերազանցող ժամկետում: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ է գործող օրենքին ծանոթ լինել եւ շարժվել օրենքին համապատասխան: