ՃՆՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, ՑԵԽ ԵՆ ՇՊՐՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ օրերս նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Տեղեկացրել էինք, որ խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը:

Ու այդ որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանի հետ:
-Պարո՛ն Ատոմյան, ՀՅԴ-ն կարծես թե փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով, քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սահմանադրական է ճանաչել 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Որքանո՞վ է իրատեսական ՀՅԴ-ի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունները հոկտեմբերի 2-ին սահմանադրական կարգը տապալելով են իշխանության եկել:
-Ես կարծում եմ, որ Արմեն Ռուստամյանը սխալ հայտարարություն է արել: Ինչո՞վ է նա հիմնավորում, որ մենք իշխանության ենք եկել սահմանադրական կարգը տապալելով: Նիկոլ Փաշինյանը որեւէ սահմանադրական կարգ չի տապալել, իշխանության գալով` ժողովուրդը խաղաղ ցույցեր էր անում, իր բողոքի միջոցով իր կամքն էր արտահայտում: Հոկտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվել էր եւ պահանջում էր իրականացնել հեղափոխության շարունակությունը, այսինքն` այն խորհրդարանը, որը կար, դա չէր արտահայտում ժողովրդի կամքը, ինչի համար էլ այդ օրը ժողովուրդը հավաքվել էր: Ու ժողովրդի արածը հայտարարել սահմանադրական կարգի տապալում, կարծում եմ, առնվազն իրատեսական չէ: ԱԺ-ն այդ ժամանակ լեգիտիմ չէր, քանի որ ընտրված չէր ժողովրդի կողմից, դա շատ պարզ ու իրականության հետ աղերս ունեցող փաստ է: Հեղափոխությունը լիակատար լինելու համար որոշվեց, որ պետք է Ազգային ժողովը ցրվի: Իսկ հոկտեմբերի 2-ին էլ ՀՀԿ-ականներն իրենց սովոր ձեւերով փորձում էին պատնեշ ստեղծել, ինչ-որ նախագծեր էին փորձում անցկացնել, այդպիսով երկարաձգել իրենց իշխանությունը, սակայն դա իրենց մոտ չստացվեց:
-Տեսակետ կա, որ առաջիկայում կլինեն մեծ թվով նախկին պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում սպառնալիքների եւ ճնշման տակ են գնացել այդ քայլին: Ի դեպ, Ռուստամյանն էլ ասել է, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով:
-Որեւէ ձեւով պատգամավորների վրա ճնշում չի գործադրվել, որեւէ կոչեր չի հնչել այդ ժամանակ, որ ասենք` եթե չքվեարկեք, մենք ինչ-որ հաշվեհարդար կտեսնենք, կամ ինչ-որ այլ սպառնալիքներ: Իրենք ուղղակի իրենց ազատ կամքն են արտահայտել, որեւէ ձեւի ճնշում չի գործադրվել, իրենք էլ քվեարկել են իրենց խղճի մտոք, իրենց խղճի ներքո: Իսկ ճնշումն այն է, որ որեւէ հաշվեհարդար փորձեն տեսնել մարդու նկատմամբ, ասենք` հայտարարեինք` տեսե՛ք, եթե դուք չքվեարկեք, այսպես կլինի կամ այնպես կլինի, նման հայտարարություն, կոչ չի եղել, չի հնչել, վստա՛հ եղեք: Խաղաղ ցույցի միջոցով մարդիկ իրենց կամքն են արտահայտել: Դա չի եղել ճնշման ներքո, ուղղակի նախկին իշխանությունները, տեսնելով ստեղծված իրավիճակը, այդ քայլին են գնացել: Եթե նման բան լիներ, այն ժամանակ էլ կհայտարարեին ու հիմա չէին որոշի, որ դա ճնշում է, ու նոր դրա մասին կխոսեին. դրա մասին կհայտարարեին: Ժամանակ է անցել, ու, իմ կարծիքով, հիմա էլ փորձում են ինչ-որ ձեւով խոչընդոտել իշխանությունների աշխատանքը: Գիտեք նաեւ, որ հիմա էլ տարբեր մեդիաներից, տարբեր ֆեյքերի միջոցով փորձում են մեր իշխանությունների կատարած աշխատանքի վրա ցեխ շպրտել, որն ասեմ` անարդյունք է: Ժողովուրդը շատ լավ գիտի ե՛ւ մեզ, ե՛ւ իրենց: Այժմյան խորհրդարանը ընտրվել է լեգիտիմ ճանապարհով, ժողովրդի կողմից է ընտրվել, ու իշխանությունները շարունակելու են իրենց լեգիտիմությամբ կառավարել երկիրը:
-Բայց, կարծես թե, հանրության շրջանում դժգոհություն է հասունանում ներկայիս իշխանություններից, գուցե այս ամենի պատճառով հաջողվի՞ ՀՅԴ-ին արդյունք գրանցել:
-Ես այդ կարծիքը չեմ կիսում: Այս կարճ ժամանակահատվածում շատ բան է արվել, որը չի արվել վերջին 20 տարվա ընթացքում: Աշխատավարձերը բարձրանում են տարբեր ոլորտում, պետական աշխատողները ստանում են հավելավճարներ, շատ-շատ բաներ են արվել: Այն, ինչ թալանվել է այս տարիների ընթացում, դրանք քիչ-քիչ վերականգնվում է, դանդաղ ենք առաջ գնում, բայց շատ կայուն քայլերով: Ժողովրդի հիասթափության մասին հայտարարություններն էլ միֆեր են, ես չեմ կարծում, որ դրանք իրական են, չկա նման բան: Մենք ամեն օր էլ շփվում ենք մեր երկրի, ժողովրդի հետ, ու շատ լավ գիտենք իրենց տեսակետը: Դրանք, կրկնում եմ, փորձում են ցեխ շպրտել նախկին իշխանությունները:

 

 

 

ՀՅԴ-ՈՒՄ ՈՐՈՇՎԵԼ Է ԼԻՈՎԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երեք օր շարունակ Գերագույն մարմնի ժողով էր անցկացնում: Ըստ մեր տեղեկությունների` այն անցել է շատ բուռն մթնոլորտում, ավարտվել է մոտ գիշերը ժամը 3-4-ին:

Մեր տեղեկությունների համաձայն` արտահերթ ժողովը հրավիրվել է այն պատճառով, որ ՀՅԴ-ականները ցանկանում են լիովին նոր կազմով հանդես գալ, լիովին նոր գործունեություն սկսել: Դա է պատճառը, որ ՀՅԴ նոր Գերագույն մարմինը ընտրվել է հետեւյալ կազմով. 1. Արծվիկ Մինասյան 2. Արթուր Խաչատրյան 3. Աշոտ Սիմոնյան 4. Տարոն Տոնոյան 5. Լիլիթ Գալստյան 6. Շաղիկ Մարուխյան 7. Արմենուհի Կյուրեղյան 8. Հակոբ Մատիլյան 9. Սիմոն Սիմոնյան 10. Իշխան Սաղաթելյան 11. Միքայել Մանուկյան:
Բանն այն է, որ ՀՅԴ-ականների մի հատվածը կողմնակից է կուսակցության ներսում հստակ փոփոխությունների հատկապես ԱԺ վերջին ընտրություններում ձախողվելուց հետո, երբ քսան տարի լինելով խորհրդարանում` նոր իշխանությունների օրոք նրանք չհաղթահարեցին 5 տոկոսի շեմը: Ավելին` նախորդ իշխանությունների ժամանակ այլ պայմաններ էին, այլ մարդիկ ու այլ ձեւաչափ: Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ աշխատած ՀՅԴ-ականներից շատերը այլ դիրքորոշում ունեն, ինչի համար էլ որոշում է կայացվել արտահերթ նիստ հրավիրել եւ որոշել վերջնական կազմ եւ գործելաոճ:
Ի դեպ, ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ԳՄ կազմն ընտրել են՝ «քննելով նախընթաց մեկամյա ժամանակաշրջանի գործունեությունը եւ հստակեցնելով առաջիկա շրջանի գործունեության հիմնական ուղենիշները»:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴԵՄ
Երեկ պարզվեց, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով` հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: Ըստ ՔՈ-ի` լրագրողների հետ զրույցներում Գագիկ Ծառուկյանը պարբերաբար այնպիսի արտահայտություններ է արել, որ ապացուցում են՝ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Այդ արտահայտություններից են` «Ես իմ կառավարչին ասել եմ, որ էժանացնեն ցեմենտը», «Կարո՞ղ ա ես իրանց (գործարանի աշխատակիցներին) գումար չեմ տալիս», «Նոր գործարան եմ կառուցում Արարատ գործարանի կողքը»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ ընթացք է տրվել դիմումին, տեղեկացրեցին, որ դիմումը նոր են ստացել, որից հետո կտարվի քննություն, կուսումնասիրեն այն ու հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն: Իսկ ԲՀԿ-ականներն էլ հայտարարել են, որ կուսակցությունն իր հեղինակությունը բարձրացնելու համար է նման դիմում ներկայացրել:

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ
Այսօր Զովունու բնակիչները, հնարավոր է, փողոց փակեն. պատճառը Եղվարդի երկարամյա ՀՀԿ-ական քաղաքապետ Նորիկ Սարգսյանի գործելաոճն է: Բանն այն է` Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը Զովունի բնակավայրի վարչական ներկայացուցչից` Վրույր Սիմոնյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել: Ինքը` Սիմոնյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Յուրաքանչյուր ուրբաթ վարչական նստավայրում հանդիպում է տեղի ունենում բնակիչների հետ: Հենց վերջին ուրբաթ օրը Նորիկ Սարգսյանը բոլորի ներկայությամբ դիմեց ինձ` հորդորելով հրաժարական տալ»: Պատճառները երկուսն են` առաջինը` Եղվարդի քաղաքապետարանը Զովունիում առկա խնդիրների վերաբերյալ բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում, երկրորդը` Վրույր Սիմոնյանն, իբր, հարկերը թերի է հավաքագրել: «Բայց դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ես կատարել եմ հավաքագրումը նախատեսվածից ավելի 134 տոկոսով»,- հավելեց Սիմոնյանը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀԿ-ական քաղաքապետի հետ: Նա խոստացավ հետ զանգել եւ պատասխանել մեր հարցերին, բայց ողջ օրվա ընթացքում մենք այդպես էլ Սարգսյանից զանգ չստացանք: Այնուամենայնիվ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք տեղյակ է, թե ինչու են լարվել Սարգսյանի եւ Սիմոնյանի հարաբերությունները: Պարզվեց` մարզպետը մասամբ էր տեղյակ. «Եղվարդի քաղաքապետն իրացնում է իր լիազորությունները: Խնդրում եմ, մեկ բաժակ ջրում փոթորիկ մի՛ փնտրեք»:




Լրահոս