Եթե մեծահարուստները փող չտան, փառատոնն ինչպե՞ս կկայանա, նրանց պետք է շոյել. Սերգեյ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժեքն ու փողը
«Մեծահարուստներին պետք է շոյել»

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գործարար Սամվել Ալեքսանյանը պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով։ Շքանշանն Ալեքսանյանին հանձնել է կինոփառատոնի հիմնադիր, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։ Այս փաստը մեծ իրարանցում է առաջացրել հայ հանրության շրջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց արվեստի գործիչների հետ: Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին հիշեց Ալեքսանդր Մանթաշյանց-Հովհաննես Թումանյան զրույցից մի հատված. «Երբ մեծահարուստ Մանթաշյանցին ծանոթացրել են Հովհաննես Թումանյանի հետ, նա հարցրել է.

-Ի՞նչ գործով ես զբաղվում:

-Գրում եմ,- պատասխանել է Թումանյանը:

-Ուրեմն գրագիր ես, ո՞ւմ կանտորումն ես ծառայում,-նորից հարցրել է Մանթաշյանցը:

-Կանտորում չեմ ծառայում, հենց էնպես, ինձ համար բանաստեղծություններ եմ գրում, գիրք եմ շինում:

-Հաա, հասկացա, ուրեմն պարապ ես. դե էդպես ասա, տո հեր օրհնած,- եզրակացրել է Մանթաշյանցը»:

Արծրունու դիտարկմամբ` հայկական իրականության մեջ բիզնեսմեն-արվեստագետ հարաբերությունը կառուցվում է հենց Մանթաշյանց-Թումանյան մոդելով, այսինքն` ոչինչ չի փոխվել. «Բիզնեսմենը արվեստագետի հետ հարաբերվելիս պետք է քաջ գիտակցի նրա նշանակությունը, խոնարհվի նրա ստեղծագործության առաջ եւ ցանկանա իր ունեցածով կիսվել նրա հետ: Որքան էլ մանթաշյանցները դաշնամուրներ նվիրաբերեն կոմիտասներին, իսկ ալեքսանյանները գումար տրամադրեն կինոյին, բիզնեսմեն-արվեստագետ հարաբերությունների էությունը, ըստ իս, դեռ չի փոխվել»,-ասաց նա:

Իսկ դերասան Սերգեյ Դանիելյանը այլ դիտանկյունից է մոտենում հարցին. «Նորմալ է, որ Ալեքսանյանը հովանավորում է կինոն, նրան էլ շքանշան են շնորհում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Եթե մեծահարուստները փող չտան, փառատոնն ինչպե՞ս կկայանա: Եվ հետո` հարուստներին պետք է ինչ-որ կերպ շոյել: Ես դեմ չեմ: Սա ի՞նչ թեմա է, որի շուրջ մարդիկ ծավալվում են, զարմանում եմ: Խոսում են Սամվել Ալեքսանյանի արժեքային համակարգից: Այս պարագայում արժեքների հարց չկա, կա բիզնեսի հարց: Մանթաշյանցի արժեքային համակարգից մենք տեղյա՞կ ենք: Պետք չէ ամեն ինչից խնդիր սարքել,առանց այդ էլ դժվարացել է ապրելը»,-մեկնաբանեց դերասանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս