Անկեղծ ասած, վեթթինգի նախագծի հարցի հետ կապված դեռևս որոշակիություն չկա. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 20-ին` կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդի վստահությունը չվայելող դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում: Վարչապետը սպառված էր համարել դատական համակարգի` ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը. եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Փաշինյանն այդ նպատակին հասնելու համար 5 քայլ էր ներկայացրել. առաջինը` Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված, vetting-ի,սակայն վարչապետի հայտարարությունը մինչեւ այսօր օդից կախված է մնում:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ասել էր նաեւ. «Հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկրորդ քայլով` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված, քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Իսկ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւօբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին:

ՀՀ վարչապետի առաջարկով Ազգային ժողովումպետք է տեղի ունենար օրենսդրական համապատասխան աշխատանք: Այս հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տարբեր ելույթներում հայտարարեցին, որիրենք առաջիկայում կներկայացնեն վեթթինգի վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որի շնորհիվ էլ կյանքի կկոչվի վարչապետի հայտարարությունը:

Սակայն մինչեւ այսօր այդ նախագիծը որեւէ մեկին հայտնի չէ, ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ հայտարարում են, որիրենցհետիշխող խմբակցությունը որեւէ քննարկում չի ունեցել: Տարակուսելի է, թե այդ դեպքում ինչու խորհրդարանում ամենամեծ պատգամավորական խմբակցությունը նման հայտարարություններ արեց, երբ անգամ պատկերացում չունեն, թե ինչ է իրենից ներկայացնելու վեթթինգի նախագիծը:

«Ժողովուրդ»օրաթերթը երեկ այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, այդ հարցի շուրջ ինչ որոշում կա խմբակցությունում:

-Պարո՛ն Աղազարյան, Ձեր խմբակցության ղեկավարը հայտարարել էր վեթթինգի նախագծի մասին, ավելին` նշվում էր, թե այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին, սակայն ԱԺ հերթական ու արտահերթ նիստերն ավարտվել են, բայց նախագծի մասին որեւէ խոսք չկա: Ի՞նչ փուլում է նախագիծը:

-Անկեղծ ասած, այդ հարցի հետ կապված դեռեւս որոշակիություն չկա, քննարկումներ ունեցել ենք, տեսակետների մասին Դուք լսել եք, գիտեք, բայց վերջնական նախագիծ չկա: Այսինքն` վեթթինգի նախագծի տեսքով քննարկում չենք ունեցել: Դժվար է նման նախագիծ միանգամից ներկայացնելը, հեշտ պրոցես չի: Ուսումնասիրություն է պետք իրականացնել, պետք է հասկացվի, թե որ երկրների փորձն է պետք կիրառել ՀՀ-ում, ամեն մի հարց պետք է մանրամասն ուսումնասիրվի, որպեսզի եզրահանգման գանք, պետք է հասկանալ` ինչ սկզբունքով է պետք շարժվել, դա հեշտու արագ որոշում կայացնելու հարց չէ: Պետք է մշակվող նախագիծը մեր երկրիօրենքներին համապատասխանեցվի, մեր ունեցած իրողություններն ենք համեմատում, այդ ամենը բավականին մեծ աշխատանք է պահանջում: Գուցե առաջին հայացքից թվում է` հեշտ է, բայց պետք է մի քիչ երկար մտածել:

-Եթե դեռ այդքան աշխատանքներ կային իրականացնելու, ինչո՞ւ հայտարարվեց, որ նախագիծն արդեն պատրաստ է:

-Բայց պրոցեսը չի դադարեցվել, այսպես թե այնպես, այդ աշխատանքներն իրականացվում են:

-Բայց ովքե՞ր են այդ աշխատանքներն իրականացնում, ովքե՞ր են նախագծի վրա աշխատում:

-Մեր խմբակցության իրավաբանական բլոկի ներկայացուցիչներն են, ովքեր աշխատում են: Ես կարծում եմ, որ նախագիծն արդեն աշնանը վերջնական տեսքով կներկայացվի հանրությանը: Հավատացե՛ք, որ այն շատ ծավալուն աշխատանք է ու կարող է երկար ժամանակ խլել մեր խմբակցությունից: Կրկնում եմ, որ այն պետք է ուսումնասիրության ենթարկվի: Եթե դատական համակարգը աշխատի այն սկզբունքներով, որը մեզ բոլորիս համար ընդունելի կլինի, արդեն ամեն ինչ ՀՀ-ումիրտեղն է ընկնելու: Ես կարծում եմ, որ իսկապես շատ հարցեր պատասխան են ստանալու: Երբ որ քաղաքացու մոտ լինի վստահություն դատական համակարգի նկատմամբ, դրանից շատ բան կփոխվի, մինչեւ անգամ կրիմինալ վիճակը կփոխվի: Ինչո՞ւ է առաջանում այդ համակարգը. որովհետեւ, երբ քաղաքացին վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ, դիմում է իր թաղամասի այս կամ այն հարգված մարդուն, որից հետո առաջանում են թաղային հեղինակություններ, որոնք, այսպես ասած, լուծում են տալիս հարցին: Պետք է այնպես անել, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն լինի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս