Իշխանությունները վերջնականապես կողմնորոշվեցին. ինչ ճակատագիր է սպասվում Սասուն Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ տարի ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ էր դրվել «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը, սակայն, առաջացրել էր քաղաքացիական հասարակության դժգոհությունը, եւ հենց դա էր պատճառը, որ ընդամենը 20 օր առաջ շրջանառության մեջ դրվեց այդ նախագծի երկրորդ տարբերակը:

Ինչպես հայտնի է, առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը, եւ լինելու է միասնական նախաքննական մարմին` ունենալով մի շարք գործառույթներ, որոնք վերցվելու են Քննչական կոմիտեից, ԱԱԾ-ից եւ ՊԵԿ-ից, եւ որը մասնավորապես վերաբերում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող բաժիններին:

Եվ հաշվի առնելով նախորդ տարվանից առկա դժգոհություններն ու առաջարկությունները` 20 օր առաջ ներդրվեց նոր ռազմավարություն: Եվ արդեն այս ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորում եւ կոռուպցիայի կանխարգելում: Սակայն, բացի հանցագործությունները քննող մեկ միասնական մարմնից, այն լինելու է նաեւ կոռուպցիայի գործերով զբաղվող մասնագիտական դատարան, որն էլ զբաղվելու է հայտնի վեթթինգի իրականացմամբ: Եվ ամենաուշը մինչեւ օգոստոսի վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այդ կառույցներն ունեն տարբեր գործառույթներ, եւ չպետք է խառնել դրանք:
Երեկ հակակոռուպցիոն ռազմավարության շուրջ կազմակերպվել էր հանրային քննարկում, որին ներկա է եղել նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը: Քննարկման ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները հիմնականում կողմ էին արտահայտվում նախագծում տեղ գտած փոփոխություններին, սակայն փաստացի դրանք վերջնական փոփոխությունները չեն, եւ չի բացառվում` այլ փոփոխություններ լինեն:

Մասնավորապես, տեղեկացանք, որ ռազմավարության հաստատումից հետո կսկսվեն արդեն օրենսդրական փոփոխություններ, որոնք կբխեն հենց այդ ռազմավարության իրականացումից: Եվ կոմիտեն ունենալու է կոռուպցիոն բնույթի գործերով նախաքննություն իրականացնելու եւ այդ նույն բնույթի գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կոնկրետ լիազորություններ: Ավելին, կոմիտեն բաժանված է լինելու մասնագիտական վարչությունների, որոնք լինելու են բարձրաստիճան պաշտոնյաների, տնտեսական հանգագործությունների հետ կապված:

Սակայն հետաքրքիր է, որ չնայած մյուս մարմիններից այդ վարչություններն ու լիազորություններն անցնելու են նոր մարմնին, սակայն չի բացառվում, որ լինեն կառույցներ, որտեղ կպահպանվեն կոռուպցիայի դեմ պայքարի բաժինները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նշեց, թե հիմա այդ առումով քննարկումներ են ընթանում, եւ առաջիկայում հստակ կլինի, թե որ կառույցներում որ բաժիններն ինչպես կպահպանվեն եւ կգործեն, որպեսզի չխանգարեն նոր մարմնի գործունեությանը:

«Նախատեսել ենք նաեւ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ձեւավորումը, դրա համար նախատեսել ենք ժամկետ, կձեւավորվի եւ կունենա կոռուպցիոն գործերով մասնագիտացված արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ գործիքակազմ: Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի միջոցառումների շրջանակում նախատեսվում է ձեւավորել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ», – մեզ հետ զրույցում նշեց Խաչիկյանը: Եվ չնայած ռազմավարությունը պետք է աշնանն արդեն ներկայացվի հաստատման, սակայն այդ ընթացքում եւս փոխնախարարը չբացառեց, որ կարող են փոփոխություններ լինել, եւ հատկապես խոսքը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտական դատարանի ձեւավորմանն ու նոր ստեղծվելիք մարմնի վերջնական լիազորություններին:

Հավելենք, որ նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարի հարցում իշխանությունները, կարծես թե, վերջնականապես կողմնորոշվել են: Ինչպես հայտնի է, ի սկզբանե ասվում էր, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի լինի կոմիտեի ղեկավար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս