Այսօր Նաիրի Զարյանի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ բանաստեղծ Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան, դեկտեմբերի 31, 1900 – հուլիսի 11, 1969, Երևան) ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում:

Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում։ Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո ստանում է համալսարանական կրթություն և դառնում ճանաչված գրող։

Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։

1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի հիանալի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավեպական ողբերությունը (1944թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են հետպատերազմյան տարիներին: Նրա լավագույն գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը` գրված հայրենասիրական զգացումով։




Լրահոս