Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում:
Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա:
Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
● չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ
● արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
● վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ: