Երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին շրջայց կատարեց Երեւանի կոնտրոնով: ArmLur.am-ը եւս ներկա էր շրջայցին: Նախ` տեղեկացնենք, որ վարչական շրջանի ղեկավարը հերթական անգամ փողոցային առեւտրով զբաղվողներին հիշեցրեց, որ իրենց տրվել են վաճառքի համար քաղաքակիրթ պայմաններ եւ նախազգուշացրեց, որ պետք է դադարեցնել փողոցային առեւտուրը:
Նրանցից մի քանիսին էլ առաջարկեց մոտենալ կենտրոնի թաղապետարան` քննարկելու հետագա գործունեության պայմանները:
Շրջայցի ընթացքում ArmLur.am-ն ականատես եղավ, որ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի առջեւ տեւական ժամանակ է՝ կայանում է ավտոբուս, որը հիշեցնում է շարժական տնակ:
Ի դեպ, այն կահավորված է, ունի խոհանոցային կահույք, գազօջախ, հեռուստացույց, բազմոց եւ փոքրիկ սանհանգույց:
Սակայն շարժական տնակի հարեւանությամբ կայանող տաքսիների վարորդները մասնավոր զրույցներում նշեցին, որ այն շարժական անառականոց է: Մենք ընդամենը արձանագրում ենք իրողությունները, իրերն անվանում այնպես, ինչպես բնորոշում են:
Նկատենք, որ ավտոբուսը պատկանում է «Նարե տուր» ընկերությանը, իսկ շարժական հոթելը «տնօրինում էր» Հրաչ Պողոսյան անունով քաղաքացին: Նա ի դեպ, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այն իրենց հանգստանալու համար է: Իսկ թե ինչ ասել է «հանգիստ», մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: