«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատախազության նախկին աշխատակից Արթուր Գոյունյանը երեկ վարչապետի հրամանով նշանակվեց քրեակատարողական վարչության պետ՝ փոխարինելով Արտյոմ Մխոյանին։
Նա դատախազության հնաբնակներից է։ 2017-ին անսպասելի ազատվեց ԱԱԾ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կիբերհանցագործությունների վարչության պետի պաշտոնից՝ կենսաթոշակի գնալու պատճառաբանությամբ, թեեւ ընդամենը 48 տարեկան էր, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվան Հովսեփյանի հիմնարկ է տեղափոխվում՝ նշանակվելով Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, որտեղ աշխատում էր մինչ օրս։
ՔԿՎ պետի պաշտոնն ավանդաբար ամենաազդեցիկ պաշտոններից է ուժային համակարգում, եւ դրա ղեկավարները, որպես կանոն, ոչ թե արդարադատության նախարարին են ենթարկվում, այլ երկրի ղեկավարին»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում