Իմքայլականներն այսօր կհավաքվեն. ինչ հասցրին և չհասցրին անել այս ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր` ժամը 12.00-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է լրագրողներին ներկայացնել առաջին վեց ամիսների իրենց աշխատանքը: Ըստ մեր տեղեկությունների` այս օրերին այդ հաշվետվության հավաքագրման համար խմբակցությունում աժիոտաժային իրավիՃակ էր: Բանն այն է, որ խմբակցությունում փորձում են հավուր պատշաճի ներկայացնել իրենց` այդ կերպ հանրությանը ցույց տալով, որ իրենք շատ ակտիվ գործունեություն են իրականացրել ու միայն կոճակ չեն սեղմել:

Իշխանական խմբակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի ասուլիսին ներկայանան այն պատգամավորները, որոնք կկարողանան փայլուն ներկայացնել իրենց խմբակցության աշխատանքները: Նախատեսված է, որ իմքայլականների հանձնաժողովների ղեկավարները հիմնականում կներկայացնեն իրենց աշխատանքները, այն նախագծերը, որոնք դրական եզրակացություն են ստացել եւ ընդունվել խորհրդարանի կողմից:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել նաեւ, որ նախատեսված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ելույթը` 6 ամսյա աշխատանքի հետ կապված: Մասնավոր զրույցներում պատգամավորները մեզ տեղեկացրին, որ ոչ բոլորի համար է բաց այն տեղեկատվությունը, թե ինչ են պատրաստվում ներկայացնել իշխանական խմբակցության ներկայացուցիչները: Բանն այն է, որ խմբակցությունում կան «ընտրյալներ», որոնք տեղեկացված են լինում իրենց խմբակցության կատարվող կամ կատարվելիք գործողություններին, իսկ խմբակցության մեծամասնությունը զուրկ է ինֆորմացիայից:

Ինչեւէ, այսօր կպարզվի, թե ինչ աշխատանք են կատարել իմքայլականները այս ժամանակահատվածում, ու ինչ է լինելու խմբակցության ընդհանուր նիստին, որը նախատեսված է մամուլի ասուլիսից հետո:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս