Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին:
Նախարարը ողջունել է ՔԿԾ աշխատակազմին և վստահություն հայտնել, որ բոլորն են գիտակցում իրենց առջև դրված բարդ և պատասխանատու աշխատանքը: «Անելիքները շատ են, դրանք մեկ օրում, մեկ ամսում և նույնիսկ մեկ տարում լուծվող հարցեր չեն, բայց մենք մեր աշխատանքով օր օրի պետք է փոփոխություն ցույց տանք: Այն պետք է լինի տեսանելի ու չափելի»,- ասել է արդարադատության նախարարը:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանին քրեակատարողական ոլորտում ներդրած իր ավանդի ու Հայաստանին մատուցած ծառայության համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել հետագա գործունեությունում:
Ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին՝ նախարարը նշել է, որ վերջինս հարուստ փորձ ունի, աշխատել է իրավապահ համակարգում՝ Դատախազությունում և քննչական մարմիններում, պարկեշտ, իր գործին նվիրված, պրոֆեսիոնալ անձ է:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նախարար Բադասյանը նշել է, որ անընդհատ խոսվում է դատապարտյալների վերասոցիալականացման գաղափարներից, դատապարտյալների ուղղումից, պատժիչ համակարգից դեպի վերականգնողական արդարադատություն անցնելուց, բայց իրականում չգիտենք՝ դա ինչպես է պետք անել:
«Սա համակարգային խնդիր է, պայմանավորված չէ անձերով, պայմանավորված չէ ղեկավար անձնակազմով ու կատարողներով: Այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ նման հարց մենք մեզ չենք տվել ու չենք ստացել դրա պատասխանը»,- նշել է նախարարը և այդ առումով կարևորել ոլորտային քաղաքականություն մշակող մարմնի՝ Արդարադատության նախարարության, և քրեակատարողական մարմինների միջև սերտ համագործակցությունը:
ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ տարուց ավելի քրեակատարողական համակարգի ղեկավարումն իրեն վստահելու համար, ՔԿԾ անձնակազմին՝ կատարած համատեղ աշխատանքի համար և բոլորին մաղթել է բարի ու անփորձանք ծառայություն:
Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին ՔԿԾ ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշելով, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ստանձնած բացառիկ առաքելությանը: Նա վստահեցրել է, որ ուժերի ներածին չափով և գործող առողջ ներուժի ներգրավմամբ հետևողականորեն կշարունակի համակարգի բարեփոխումը: