Դրոշմանիշների և դրոշմապիտակների պահանջարկն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն վերանայել է ակցիզային դրոշմանիշների եւ դրոշմապիտակների ձեռքբերման համար օրենքով նախատեսված չափաքանակները: Պարզվում է`ընթացիկ տարվա ընթացքում անհրաժեշտ է ձեռք բերել լրացուցիչ 100 մլն հատ ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր եւ 380 մլն հատ դրոշմապիտակներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին կիսամյակում ՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեին առաջիկայում կհատկացնի 1 մլրդ 796 մլն 400 հազար դրամ: Ընդ որում`ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար կծախսվի 360 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների համար` 1 մլրդ 436 մլն 400 հազար դրամ: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի`տնտեսական ակտիվությամբ պայմանավորված` արտադրող եւ ներմուծող տնտեսվարողների կողմից օրեցօր աճում է ակցիզային դրոշմանիշերի եւ դրոշմապիտակների պահանջարկը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ ՊԵԿ-ը նախորդ տարվա ընթացքում հարկ վճարողներին տրամադրել է 395 մլն 665 հազար 457 հատ ծխախոտի, 37 մլն 923 հազար 774 հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր եւ 1 մլրդ 115 մլն 392 հազար 100 հատ դրոշմապիտակներ, որոնց ձեռքբերման գումարը կազմում է 5․995,6 մլն դրամ:

Ի դեպ, այս տարվա փետրվարի 8-ի դրությամբ ՊԵԿ-ը, պետական գնման պայմանագրի համաձայն, ձեռք է բերել 380 մլն հատ ծխախոտի, 14 մլն 70 հազար հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր եւ 800 մլն 630 հազար հատ դրոշմապիտակներ, որոնց ձեռքբերման գումարը կազմում է 4․526,1 մլն դրամ: Ստացվում է, որ այս տարի ձեռք կբերվի 100 մլն հատ ծխախոտի ակցիզային դրոշմանիշ եւ 380 մլն հատ դրոշմապիտակ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս