ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիջեյը`առողջապահությունում. մոտ 20 հազար ԱՄՆ դոլար՝ նախարարի ծանոթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, որոնք օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնմանը կամ ընկերական հարաբերությունների ջերմացմանը:

Բայց այսպիսի մի դեպք բացահայտեցինք վերջերս, որը նոր Հայաստանում, համաձայնեք, այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ: «Արմլուր» լրատվականը պարզեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Dj Վակցինայի հիմնադրած ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան:

Բայց, ինչպես ասում են, ամեն ինչի մասին հերթով:

Նախ` նկատենք, որ Dj Վակցինան` նույն ինքը Արուսիկ Մկրտչյանը, անընդհատ գովազդում է Առողջապահության նախարարության գործունեությունը, նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Պարբերաբար լուսանկարներ է հրապարակում` ինչ-որ ծրագրերին մասնակցելու ժամանակ արված, իր եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Էլ չենք խոսում այն մասին, որ Արուսիկ Մկրտչյանին՝ թարգմանաբար Դի-ջեյ «պատվաստանյութին» (կատակ), շատ հաճախ կարող ենք տեսնել նախարարությունում (նա պարբերաբար համացանցում՝ Առողջապահության նախարարությունը նշում է որպես իր գտնվելու վայր), նախարարի ասուլիսներին էլ է մասնակցում:

Բացի այս, օրեր առաջ (ի դեպ, հենց այդ պայմանագրի կնքման օրը` հուլիսի 4-ին) Արուսիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում կիսվել է իր ընկերներից մեկի գրառումը` Արսեն Թորոսյանի գովքի մասին, որը վերնագրված է` «Արսենի մասին»: Գրառման մեջ նշված է հետեւյալը. «Հաշվի առնելով արագաշարժությունն ու արհեստավարժությունը` պետք է արձանագրենք, որ Արսենը դեռեւս միակն է մեր նոր իշխանությունից, ով իր աշխատելաոճով 100% ռեֆորմատոր է, ով ունի այդ ջիղը, ով ակնհայտ ձգտում է ռեֆորմների եւ ո՞վ հաջողացնում է սկսել դրանք» Իսկ, ահա, վերջում գրառման հեղինակը իր ցանկությունն է հայտնել` նշելով, որ կուզեր Թորոսյանը լիներ Հայաստանի վարչապետը:

Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է որեւէ մեկին տեսնել վարչապետի կամ այլ պաշտոնում: Եւ այս ամեն ինչը մեր ուշադրությունը չէր գրավի, եթե մեր ձեռքի տակ չհայտնվեր պաշտոնական մի փաստաթուղթ, համաձայն որի` Հայաստանի առողջապահության նախարարությունը պետական բյուջեից ավելի քան 9.5 մլն դրամ հատկացրել է հենց Dj Վակցինայի հիմնադրած ընկերությանը: Խոսքը «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության մասին է:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր կարիքների համար հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ` նախարարությունը ձեռք է բերել հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ: Պայմանագիրը կնքվել է հուլիսի 4-ին «Ին Փրոգրեսս Փրոդաքշն» ընկերության հետ, որի արժեքը կազմել է 9 մլն 590 հազար դրամ: Մրցույթին մասնակցել է 3 ընկերություն, սակայն հաղթող ճանաչվել է ցածր գին առաջարկած մասնակիցը: Չի բացառվում, որ Արուսիկ Մկրտչյանին պատկանող ընկերությունը նախապես տեղյակ է եղել, թե ինչ գին առաջարկի, հետեւաբար ծառայության ցածր արժեք է ներկայացրել: Ամեն դեպքում, հարց է առաջանում` ի՞նչ երաշխիք, որ նախարարը չի միջամտել գնումների գործընթացին եւ գնահատող հանձնաժողովին չի պարտադրել ընտրել հենց իր թիմի անդամ Արուսիկ Մկրտչյանի հիմնադրած ընկերությանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պատրաստելու է գովազդային (սոցիալական) հոլովակներ` 2 խաղարկային եւ մեկ անիմացիոն: Իսկ պատրաստման ժամկետը` պայմանագրի կնքման օրվանից 40 աշխատանքային օր է, յուրաքանչյուր հոլովակը պետք է հեռարձակվի առնվազն օրական 4 անգամ առնվազն 3 ամսվա ընթացքում:

Այստեղ հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համա՞ր, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան` Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի՞ մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես եւ Դուք: Եթե հարցեր ունեք` ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը… Դա եղել է տենդեր, պետական գնումներ, որոնք որ ազնիվ, մաքուր, բացարձակ թափանցիկ ձեւով մենք մեր պայմաններով անելու ենք. երեք սոցիալական հոլովակ` իր տեղադրումներով: Ներեցե՛ք, Ձեր հարցերը գրավոր ձեւով ինձ ուղարկեք, ես կպատասխանեմ»,- եւ լավ օր մաղթելով` անջատեց հեռախոսը:

Այսպիով, արձանագրենք, որ DJ Վակցինան, լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում), օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երեւույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը: Մենք այս անգամ զերծ ենք մնում մեկնաբանություններից:

Մանրամասները` տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս