Բոլոր մրցակիցներին ուսումնասիրել ենք եւ պատրաստ ենք մրցաշարի մեկնարկին. Արթուր Ոսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Երեւանում կմեկնարկի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների  առաջնությունը: Առաջին հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Երեւանի ժամանակով 18:45-ին մեր երիտասարդական հավաքականը կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ:

Այդ խաղից առաջ մամուլի ասուլիս է  տվել Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը.

«Ուսումնասիրել ենք մեր խմբի բոլոր հավաքականներին: Եվ կարող եմ ասել,որ Իսպանիան եւ Պորտուգալիան նման են խաղաոճերով,իսկ Իտալիան քիչ է տարբերվում: Կասեմ, որ նրանք  խաղում են ֆիզիկապես ավելի ուժեղ ֆուտբոլ: Մենք մրցաշարին սկսել ենք պատրաստվել դեռ հունիսի 26-ից:Ֆուտբոլիստները , իհարկե, գիտակցում են մրցակիցների հզորությունը, սակայն այդ ամենը ոչինչ չի փոխում`մեր նպատակը տնային մրցաշարում պատվով հանդես գալն է եւ հաղթանակներ գրանցելը: Մենք երկու ընկերական հանդիպում անցկացրինք  «Լոռիի» եւ «Ալաշկերտի» հետ, որը մեզ շատ բան տվեց: Վատ հանդիպումներ  չանցկացրինք եւ «Լոռիի» հետ էլ նույնիսկ կարողացանք անառիկ պահել դարպասը: Մեր ֆուտբոլիստները շատ երիտասարդ են եւ նրանց համար կարեւոր է նաեւ երկրպագուների աջակցությունը: Երկրպագուները կարող են մեզ համար կատարել 12-րդ խաղացողի դերը:

Մեր խաղացողները ունեն փորձի պակաս եւ նույնիսկ այդ պայմաններում  նրանք լավ հանդիպումներ անցկացրին Բարձրագույն խմբի ներկայացուցիչների հետ Պաշտպանության կենտրոնում մենք փորձարկեցինք Ռաֆայել Միսակյանին: Այնուհետեւ նաեւ փորձարկեցինք Երջանիկ Ղուբասարյանին, ով Գրանատկինի մրցաշարում նույնպես այդ դիրքում էր խաղում: Մենք ունենք  նաեւ Ստյոպա Մկրտչյան,ով 3 տարի փոքր է մյուսներից, սակայն կարող է լավ հանդես գալ պաշտպանության կենտրոնում յուրաքանչյուրի փոխարեն:Մեր ֆուտբոլիստներից շատ քչերն են խաղում Բարձրագույն խմբում այն էլ մի  քանի րոպե,որն էլ հիմնականում լինում է ժամանակ ձգելու նպատակով: Կարելի է անդադար վիճել Բարձրագույն խմբի նոր առաջնությունում 4-րդ փոփոխության չեղարկման որոշման շուրջ: Իմ կարծիքով այդ օրեքնը մեզ ոչինչ չէր տալիս,որովհետեւ ֆուտբոլիստները ոչ միայն հնարավորություն չէին ստանում  շատ խաղաժամանակի,այլ նաեւ զրկվում էին Առաջին խմբի ամբողջական հանդիպում անցկացնելուց:

Ես մեր ֆուտբոլիստներին ասել եմ, որ պետք չէ ուշադրություն դարձնել թե  մրցակից հավաքականների ֆուտբոլիստները, որ թիմերում են խաղում: Ավելի լավ է, որ խաղալու ենք ուժեղների դեմ ,բայց այնուամենայնիվ եկենք չհամեմատենք Իսպանիայի Մ-19 առաջնությունը մեր Առաջին խմբի հետ:

Խաղերից առաջ մենք գտնում ենք մոտիվացվելու տարբեր ձեւեր:  Օգնում են եւ ֆիլմերը  եւ խոսքերը: Երեկ մենք ամբողջ թիմով դիտում էինք «Движение вверх» ֆիլմը: Ամեն անգամ մի բան կմտածենք  տղաներին մոտիվացնելու համար»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս