Այս օրերին բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ իրար հերթ չեն տալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցնելու հարցում: Երեկ` ասուլիսի ժամանակ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, ասել է. «Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, եւ, առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ` այս թեմայով ինքը չխոսի: Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, ու որեւիցե խնդիր չի եղել, բայց կոչս շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»: Նախօրեին էլ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով ՔԿՀ-ներում ԱԱԾ իրականացրած ստուգումների տեսագրությունների մասին, ասել էր. «Կարծում եմ՝ այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Մտածե՛ք, խնդրեմ, արդյոք քրեակատարողական հիմնարկներում բան չի՞ փոխվել»։ Իսկ լրագրողների հարցին, թե ինքն այսպես կասկածի տակ չի դնում արդյոք ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի՝ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։
Նկատենք, որ նախկինում դժվար էր պատկերացնել, որ բարձրաստիճան պաշտոնյաները կհամարձակվեն «պատերազմ հայտարարել» ԱԱԾ-ին, էլ ուր մնաց` անձնապես քննադատություններ հնչեցնեին այն ժամանակվա ԱԱԾ տնօրենների հասցեին: Այնինչ այսօր միանգամայն այլ իրավիճակ է, ընդ որում` այդ իրավիճակն այնքան էլ ուրախալի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում իրավիճակը լարված է: Վերջին օրերին ակտիվացել են այն տեղեկությունները, որ իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դրա վառ վկայությունը նաեւ ՔՈ կուսակցության անակնկալ դիմումն է դատախազին՝ ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար Գ. Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ում տեղյակ են, որ ՔՊ-ում եւս բողոքի ալիք է բարձրանում Գագիկ Ծառուկյանի` «գործարար» լինելու հանգամանքի հետ կապված, եւ այն շատ ակտիվ քննարկվել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության վերջին նիստում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս պաշտոնական որեւէ հայտարարություն չկա, ուստի ինքը զերծ կմնա որեւէ բան մեկնաբանելուց:
Այս օրերին «Մարտի 1»-ի գործով հարցաքննված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներին ծանոթանալիս մարդ իրոք հիասթափություն է ապրում: Բանն այն է, որ շատերն իրենց ցուցմունքներում այս կամ այն դրվագի վերաբերյալ պարբերաբար հնչեցրել են նախկին բարձրաստիճան այն պաշտոնյաների անունները, որոնք վաղուց մահացել են: Այլ կերպ ասած, այդպես փորձ է արվել ուղղակի եւ անուղղակի կերպով «Մարտի 1»-ի առանձին դրվագների մեղավորությունը բարդել հանգուցյալ պաշտոնյաների վրա՝ քաջ գիտակցելով, որ իրենց խոսքերը չեն հերքվի: Պատահական չէ, որ այս առումով ակնարկների պակաս չկա ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի, այն ժամանակ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի հասցեին: Բացի այդ, թիրախում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որ արձակել էր 0038 հույժ գաղտնի հրամանը. նախկին նախարարը, որ հիմա հետախուզվում է, նաեւ ՌԴ քաղաքացիություն ունի, այժմ էլ ՌԴ-ում է: Եւ նրա անունը հնչեցնողները գիտակցում են, որ ՌԴ-ն չի հանձնի Մ.Հարությունյանին, այնպես որ՝ ամեն ինչ կարելի է բարդել այլոց վրա:
ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` նախկին վարչապետ, իսկ այժմ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցածի հետ կապված, մինչդեռ այն ժամանակ սկանդալների պակաս չկար: Հիշում եք թանկարժեք բիոզուգարանների պատմությունը. ՀՀ պետական բյուջեի միջոցներից 124 մլն դրամ կամ մոտ 340 հազար ԱՄՆ դոլար էր ծախսվել երկու բիոզուգարան գնելու համար, բայց այդպես էլ դրանք չաշխատեցին: Ասել է թե` պարզապես վատնել էին պետական միջոցները: Տ. Սարգսյանի կառավարության գործունեության հետ կապված լրջագույն բացահայտումներ էին արել նաեւ այն ժամանակ նախագահի Վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Բայց, փաստորեն, այսօր այդ փաստերը որեւէ մեկն ուսումնասիրության առարկա չի դարձնում: Ավելին, երեկ Տ. Սարգսյանը մասնակցում էր Երեւանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին` հանդիպելով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՑՊԱՀԱՆՋ
Եկող տարի իր 130 տարին բոլորող ՀՅԴ-ի Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը երեկ տարածած հայտարարության մեջ «դիագնոզել» է երկրում առկա իրավիճակը: Այդ դիագնոզի տեքստը կարծեք սոցցանցերում տիրաժավորվող ֆեյքնյուզից արված քաղվածք լինի, իսկ դրանում առկա որոշ ձեւակերպումներ հիշեցնում են հակաիշխանական որոշ գործիչների ֆեյսբուքյան ստատուսներն ու ելույթները, ինչպես օրինակ՝ ներկայումս ուղղորդված հեղինակազրկման արշավ է տարվում ազգային, ավանդական արժեքների, պետական հաստատությունների եւ սիմվոլների նկատմամբ, «հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետեւանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը», «Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է եւ չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը»։ Հատկապես վերջին մեջբերման հետ կապված` ակնհայտ է, որ «խուսափողականություն» ասելով` ՀՅԴ-ն նկատի ունի Արցախի անունից բանակցելու մանդատ չունենալու մասին վարչապետի հայտարարությունը եւ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու նրա պնդումը: Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ նոր իշխանության այս դիրքորոշումը ողջունվում է Արցախի կողմից, Արցախն էլ չի խուսափում իրեն առնչվող խնդրի շուրջ սեփական դեմքով բանակցելու հանձնառությունից, ապա հասկանալի չէ, թե այդ ինչն է, որ մտահոգիչ է ՀՅԴ-ի համար: Ինչ վերաբերում է նման կեցվածքի՝ համազգային համախմբմանը չնպաստելուն, ապա ՀՅԴ-ն «համազգային» ասվածի տակ հավանաբար նկատի ունի միայն իրեն, քանի որ գոնե ԼՂ խնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբումը վաղուց կայացած փաստ է: Հայտարարության ամենաուշագրավ հատվածը վերջին պարբերությունն է, որտեղ ՀՅԴ-ն, որպես ընդդիմադիր ուժ, ազդարարում է «ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանություն ձեւավորելու հանձնառություն» ստանձնելու մասին: Ինչպե՞ս եւ, ամենակարեւորը, ումո՞վ է ձեւավորելու այդ առանցքն ու իշխանությունը, եթե, ինչպես ասուլիսում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ի. Սաղաթելյանը, իրենց օրակարգում չկա իշխանափոխության խնդիր: Ակնհայտ է, որ քաղաքական կյանքն այժմ կենտրոնացած է ԱԺ-ում, որից դուրս գտնվող քաղաքական սուբյեկտները առայժմ մարգինալ են: Իսկ քաղաքական զառամախտի շեմին գտնվող, 3.88% վստահության քվեով «ծերուկը», որպեսզի «տեսնի Անին ու նոր մեռնի», մեկ անելիք ունի՝ գործակցել ռեւանշի ձգտող ու իշխանափոխություն մտմտացող ուժերի հետ, ինչպես էլ որ դրանք կոչվեն, որտեղ էլ որ դրանք գտնվեն: